Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ. կարող է 5 տարի վկաներին լսենք». Արամ Օրբելյան

Նոյեմբեր 08,2019 16:25

«Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ: Ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում այս փուլերի անցկացման գործընթացը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա նշեց՝ գործով ավելի քան 800 վկա կա, և միայն նրանց հարցաքննելը կտևի մոտ հինգ տարի, ուստի պնդեց՝ պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, որպեսզի չխախտվի նրա ազատության իրավունքը:

Արամ Օրբելյանը մանրամասնեց. «Գործը շատ արագ պիտի մտնի վիճաբանությունների փուլ: Մարդիկ մտածում են՝ Ռոբերտ Քոչարյանը պատիժ է կրում: Նա հիմա պատիժ չի կրում: Փաստացի կրում է պատիժ ինչ-որ անհասկանալի մեկնաբանությունների արդյունքում: Հիմա կիրառված է կալանք, որն ապօրինի է: Մենք ձեռնարկելու ենք բոլոր իրավաչափ գործողություններն այս կալանքը վերացնելու համար»:

Փաստաբանը վստահեցրեց՝ դատավարությունը ձգձգում է մեղադրող կողմը և հիմնավորեց. «Պարոն Քոչարյանը, հինգ ամիս լինելով ազատության մեջ, մի անգամ փաստ չբերեցին, որ ձգտել է ազդեցություն գործել: Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործընթացն անցնի դատաքննության փուլ: Մենք ձեռնարկում ենք մեզնից հասնող բոլոր գործողություններն ազատության հասնելու համար»:

Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք համաձայն չեն, որ գործը պետք է վարույթ ընդունվեր. «Այն, ինչ նկարագրված է մեղադրանքի մեջ, մեղադրանք առաջադրելու համար հիմք չի կարող լինել: Ամսի 1-ի հրամանագիրը հիմք չէ մեղադրանքի համար: Պարոն Քոչարյանի կողմից ամսի 23-ին ժողով հրավիրելը մեղադրանքի համար հիմք չէ: Այն, ինչում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, հանցագործություն չէ»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելու հիմքեր տեսնում են ու հավելեց. «Մենք տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան ՍԴ որոշման չկիրառումը, այլ օրինակ, երբ նույն հարցի շուրջ տարբեր մարդկանց վերաբերող գործերով նույն դատավորը տալիս է տարբեր կարծիք: Այստեղ իրավական մեկնաբանության խնդիր չկա. փաստերի պարզ համադրում է, որ դատարանն ունի կանխակալ բացասական վերաբերմունք, և դա մենք տեսնում ենք վարույթի ամբողջ ընթացքում՝ սկսած նախաքննությունից ավարտված դատական գործընթացով: ՍԴ որոշումները հիմք չեն ՀՔԾ, ՀՀ գլխավոր դատախազության, դատարանների համար: Սակայն, երբ հարկ է առաջանում ինչ-որ բանով հակադրել, իրենք գտնում են ՍԴ որոշում, որին կարող են հղում կատարել: Էլի գործ ունենք երկակի ստանդարտների հետ: Իրավաբան չհանդիսացող կամ մի քիչ դատական գործընթացը չպատկերացնող մարդիկ կարող են ակնկալիք ունենալ, որ գործը մտել է դատաքննություն, մենք ապացույցների շարք պիտի լսենք, վկաների և այլն: Սակայն քրեական դատավարությունից մի փոքր գլուխ հանող անձինք շատ լավ պատկերացնում են, որ քրեական դատավարության այս փուլը բաղկացած է բազում հարցերից, որոնք պետք է քննության առարկա դառնան: Օրինակ՝ դատավորների, պաշտպանների, դատախազների մասնակցության խնդիրը, տուժողների՝ լինել-չլինելու հարցը և այլն: Բոլոր իրավական հարցերը պետք է սպառվեն և նոր գնան փաստերի ուսումնասիրության: Այլ հարց է, որ փորձում են մանիպուլատիվ մեթոդներով մեզ մեղադրել խուսափողական վարքագծի մեջ: Տպավորություն չստեղծվի, որ մենք չենք ցանկանում մտնել դատաքննության փուլ, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր գործունեությունը սահմանափակված չի եղել միայն կալանքի նիստերի քննարկումով: Մենք ունենք շատ ինֆորմացիա: Շատ ավելի տհաճ վիճակում են հայտնվելու վարույթն իրականացնողները, կանխակալ դատավորները և այն անձինք, որոնք կանգնած են այս գործընթացի հետևում, երբ մենք սկսենք բովանդակային քննություն, բայց դեռ դրա ժամանակը չի եկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930