ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ ԵՏՄ-ի միջեւ իրավական փոխհարաբերությունների հարցը։
Հիշեցնենք, որ այս օրենքի՝ ԱԺ լիագումար նիստում ընդունվելու դեպքում ծխելը կարգելվի հանրային բաց, կիսաբաց եւ փակ տարածքներում, ժամանցային վայրերում։
«Կառավարության գնահատմամբ՝ ԵՏՄ-ի հետ խնդիրներ չկան, բայց, բնականաբար, եթե էկոնոմիկայի նախարարությունը գնահատականներ է ներկայացրել, պատրաստ ենք քննարկել»,-հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրաձայնեց, որ ըստ նշյալ օրինագծի՝ նախատեսված է դրույթ, որով ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը․ «Բայց ԵՏՄ-ն տեխնիկական կանոնակարգեր չի սահմանել։ Ըստ ԵՏՄ կանոնակարգի՝ պետք է սպասել, որ ԵՏՄ-ն ինքը սահմանի տեխնիկական կանոնակարգում, այն չի կարող սահմանել Հայաստանը»։
Կարդացեք նաև
Լենա Նանուշյանն այս առնչությամբ նշեց․ «Մինչեւ 2024թ․-ի հունվարի 1-ը ՀՀ-ում ծխախոտային արտադրանքը եւ դրա շրջանառությունն իրականացվելու է մեր օրենսդրությանը համապատասխան։ Այսինքն, ՀՀ-ն մինչեւ այդ թվականը ԵՏՄ-ից թույլտվություն է խնդրել ինքնուրույն հարցը կարգավորելու։ Իսկ 2024թ․-ից հետո գործելու է ԵՏՄ բոլոր երկրների վրա տարածվող տեխնիկական կանոնակարգը։ Քանի դեռ չկա միասնական կանոնակարգ՝ ծխախոտային նոր արտադրատեսակների վերաբերյալ, կարող ենք առաջնորդվել ազգային օրենսդրությամբ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ