NEXTA Տելեգրամ-ալիքը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, տեղեկություն է տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծանր հիվանդությամբ է տառապում: Ըստ այդ տեղեկատվության՝ այս պահին Լուկաշենկոն բուժում է անցնում Աբու Դաբիի էլիտար կլինիկաներից մեկում:
«Արդեն չորրորդ օրն է, ինչ նա պառկած է դրա VIP-թևում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է mk.ru-ն:
Նշվում է, որ նախագահական ավտոշարասյունը գտնվում է մոտակայքում: Նաև նախագահական մամուլի ծառայության աշխատակիցներին հրահանգ է իջեցվել «ակտիվության տպավորություն ստեղծել»՝ շնորհավորանքներ ուղարկել Լուկաշենկոյի անունից: Ըստ հաղորդագրության՝ իրենց այդ տեղեկությունը անանուն մնալու պայմանով հայտնել է Լուկաշենկոյին ուղեկցող պատվիրակության անդամներից մեկը:
Իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում այս խոսակցությունները: Սակայն հայտնի է, որ նոյեմբերի սկզբին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել էր Միացյալ Արաբական Էմիրություններ: Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մերձավոր Արևելք իրականացրած շտապ այցի պատճառով Լուկաշենկոն բաց էր թողել Մինսկում Ալլա Պուգաչովայի համերգը, որի ժամանակ նա անձամբ ցանկանում էր երգչուհուն պարգևատրել «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:
Կարդացեք նաև
Լուկաշենկոյի հիվանդության մասին լուրերի տարածումից հետո պետական «Բելտա» գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, որում հաղորդվում է, թե Էմիրություններում Լուկաշենկոն հանդիպել է այդ երկրի ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բեն Զայիդ ալ-Նահայյանի հետ: Գործակալությունը հրապարակել էր նաև տեսանյութ, որում Լուկաշենկոն զրուցում է շեյխի հետ և նրան բելառուսական կոնֆետ հյուրասիրում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ