Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյանն անակնկալ բոյկոտեց նիստը՝ իր նախագծի քննարկման ժամանակ՝ ի նշան վիրավորվածության

Նոյեմբեր 08,2019 14:50

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագիծը՝ «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում անելու: Նա սկզբում ներկայացնելով առաջարկը՝ ասաց. «Ասենք, կադրերի բաժնի վարիչ է, կամ իրավաբանական ծառայության պետ է, խախտում է թույլ տալիս, գործ կա հարուցված, չեն կարող նրան հեռացնել պաշտոնավարումից, քանի դեռ չկա մեղադրական դատավճիռը, միայն հանրային ծառայողներին կարող են հանել: Կադրերի բաժնի պետը կարող է մեկին կեղծ փաստաթղթերով գործի ընդունի, ու քանի որ չես կարող իրեն մեկուսացնել, տարբեր չարաշահումներ թույլ տալ, մինչեւ դատավարությունն ավարտվի, վճիռ լինի»:

Ըստ Պետրոսյանի, որոշ իրավիճակներում ոչ միայն հանրային ծառայողները, այլեւ աշխատողները առհասարակ, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո իրենց աշխատանքային գործունեությամբ պայմանավորված շարունակում են օգտվել այնպիսի տվյալներից կամ փաստաթղթերից, որոնց վրա որոշակի փոփոխությունը, դրանց ոչնչացումը կեղծումը կամ դրանց կորուստը ինքնին կարող են խոչընդոտել քրեական գործի նախաքննությանը, վերացնել ապացույցները. ինչի արդյունքում էլ գործատուները շատ հաճախ զրկվում են իրենց եւ իրենց ընկերության շահերը պաշտպանելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել ոչ միայն պետական այլ նաեւ մասնավոր կառույցների շահերը հնարավոր դեպքերից: Ուստի առաջարկվում է դատական գործընթացների ժամանակ կասեցնել ոչ միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի եւ մեղադրյալի պաշտոնավարումը, այլ նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, ինչը բարկացրել էր Պետրոսյանին. «Որ ասում եմ կառավարությունը դժկամությամբ է տրամադրված, ասում են՝ դու թշնամանք ես հարուցում: Չկա ըտենց բան, ես կառավարությունում թշնամի չունեմ: Ունեմ հակառակորդ մարդիկ, ովքեր բանուգործը թողած՝ արդեն անցել են իմ երաժշտական ունակություններին, թե ես ինչ երաժշտություն եմ լսում, թե դա ի՞նչ ասելու բան է: Հիմա կառավարությունը գրել է՝ ներկայումս կառավարության կողմից ուսումնասիրվում է մեղադրյալի կամ կասկածյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում վերջինիս աշխատավարձի վճարման կարգավորումներն ու միջազգային փորձը, նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարել:

Կառավարությունը գրել է, որ Աշխատանքային օրենսգրքում առանձին հոդված կա, որը վերաբերում է աշխատողների լիազորությունների կասեցմանը: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Ես ինչ առաջարկում եմ, իրենք հլը մտածում են ու հլը ամենահուզական պահը լսեք վերջում՝ կառավարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից՝ դրանով նախատեսված կարգավորումները համադրելով, ներկայացնելով միասնական նախագիծ: Սա ի՞նչ վերաբերմունք է պատգամավորի նկատմամբ: Խնդիրը կա, չեն կարողանում ազատվել աշխատողներից, մարդը կարող է մի օր էլ գործի գնա, ամբողջ ապացուցողական բազան ոչնչացնի, հետո էլ ասի՝ դե գնացեք տեսնեմ ո՞նց եք ինձ մեղավոր ճանաչում: Էս խնդիրը կա, բարձրացրել ենք, կառավարությունն ասում է՝ մտադրություն ունենք այդպիսի: Լավ, սա ի՞նչ վերաբերմունք է, խորհրդարանական պետության վերաբերմո՞ւնք է: Դրա համար ես, ի նշան վիրավորվածության, հարգելով ձեզ բոլորիդ, հիմա դուրս եմ գալիս քննարկումից, որովհետեւ սա անպատվաբեր մոտեցում է ԱԺ պատգամավորի նկատմամբ»:

Սա հայտարարելուց հետո Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ քանի որ կառավարությունը «պոզ ու պոչ» է կպցնում իրենց նախագծերին, չի մնա ու դուրս եկավ հանձնաժողովի դահլիճից:

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն էլ վստահեցրեց, որ կառավարության մոտեցումը շատ ընտրովի էր ներկայացնում Պետրոսյանը: Իրականում այդ նախագիծը դատախազությունը մշակել է 2018-ին:

Նախագիծը հանվեց շրջանառությունից, քանի որ հեղինակը չկար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930