40 տարի անց Կաունասի լեգենդար պետական երգչախումբը Երեւանում է
Մերձբալթյան երկրները ունեն երգչախմբային արվեստի հիանալի ավանդույթներ: Հայաստանում նույնիսկ խորհրդային տարիներին հաճախ չէինք հանդիպում այդ երկրներից ժամանած երգչախմբերի: Այսօր նման առիթ ընձեռված է՝ շնորհիվ կեսդարյա գործունեություն ծավալած Կաունասի լեգենդար պետական երգչախմբի: Ազգային օպերային թատրոնում այսօր ընդամենը մեկ համերգով երգչախումբը թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, մեներգիչներ Սոֆյա Սայադյանի (սոպրանո), Սոֆիա Թումանյանի (մեցցո սոպրանո), Հովհաննես Այվազյանի (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանի (բաս) ընկերակցությամբ, մաեստրո Կոստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հանդես կգան Մոցարտի Ռեքվիեմի կատարմամբ:
«Առավոտը» զրույցի հրավիրեց Կաունասի պետական երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Պյատրաս Բինգյալիսին:
– Մաեստրո, եթե չենք սխալվում, խորհրդային տարիներին մեկ անգամ է ձեր ղեկավարած երգչախումբը ելույթ ունեցել Երեւանում, խորհրդային երկրի փլուզումից հետո էլ եզակի կոլեկտիվներից եք Մերձբալթիկայից, որ այցելում է մեր երկիր: Կբարձրաձայնե՞ք եւ այն տարիներին, եւ մեր ժամանակներում եղած խոչընդոտների մասին:
– Գուցե ասածս զարմանք հարուցի, բայց ձեր խոսքերով՝ այն տարիներին էլ ու մեր ժամանակներում էլ կան խոչընդոտներ, թեեւ ես դա խոչընդոտ չէի անվանի: Ի սկզբանե խորհրդային երկրում մերձբալթյան ժողովուրդներն ընկալվել են որպես եվրոպացիներ: Իհարկե, դա այդպես էլ կա: Բայց ինձ համար էլ մինչ օրս այդ հարցի պատասխանը որոնում, որոնում ու չեմ գտնում: Հյուրախաղերը Եվրոպա, հասկանալի է, թե ինչու չէին թույլատրվում: Դա ձեզ էլ է պարզ: Բայց անհասկանալի է, որ այնքան էլ առատ չէին մեր հյուրախաղերը ԽՍՀՄ հանրապետություններում: Երեւանում բեմ ենք բարձրացել ներկայիս ձեր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընդամենը մեկ անգամ՝ 1979թ.: Ինչ վերաբերում է նոր ժամանակներին, դա ընդամենը գումարի խնդիր է: Չայցելել Հայաստան, դա դեռ չի նշանակում չհետաքրքրվել ձեր երգչախմբային արվեստով, որը դարավոր պատմություն ունի: Պարզապես նախկին ԽՍՀՄ երկրներում պետությունը պետք է շատ գումար հատկացնի մշակույթին: Այսօր Երեւանում ենք մաեստրո Օրբելյանի հրավերով:
Վերադառնալով խորհրդային շրջան, փաստեմ, որ, այնուամենայնիվ, մեզ հաջողվում էր մեկ-մեկ դուրս պրծնել այդ երկրից: Այսօր արդեն մեր հյուրախաղերի մեկնած երկրների ցանկում բացակայում է միայն Ճապոնիան:
Նշեմ, որ կոլեկտիվի երկացանկը ընդգրկուն է, դասական երաժշտության համաշխարհային գանձարանին պատկանող միջնադարյան, կոմպոզիտորական արվեստից մինչեւ մերօրյա շուրջ 200 խոշորածավալ ստեղծագործություն՝ օրատորիաներ, կանտատներ, մեսսաներ, ժամերգություններ, նաեւ տարբեր օպերաների համերգային կամ բեմական կատարումներ: Համագործակցել ենք այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Մոնսերատ Կաբալյեն, Դմիտրի Խվորոստովսկին եւ անվանի այլ երաժիշտներ: Ընդ որում, երգչախմբիս ծրագրերում մշտապես իրենց տեղն են ունեցել հայ հեղինակները՝ Կոմիտասից մինչեւ Ալեքսանդր Հարությունյան: Կուզեինք անդրադառնալ ձեր ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային արվեստին նույնպես: Այդուհանդերձ, մեզ բախտ վիճակվեց միայն նոր ժամանակներում շփվել մեծանուն այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Մստիսլավ Ռոստրոպովիչը, ով 2000-ականների սկզբին Օրֆի «Կարմինա Բուրանան» ղեկավարեց Փարիզում, երգչախմբի հետ համագործակցել են հռչակավոր շատ արվեստագետներ, այդ թվում՝ երգիչ Բրին Թերֆելը, կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը, Վալերի Գերգիեւը, Չոն Մեն Հունը եւ այլն: Սա, ինչպես ասում են՝ արտասահմանցի երաժիշտներն են: Մեր համերգները ղեկավարել են նաեւ իմ նշանավոր համերկրացիները, այդ թվում՝ Յուստուս Ֆրանցը:
– Վստահ ենք, որ ծանոթ եք նաեւ հայկական երգչախմբերի արվեստին:
– Անշուշտ: Բայց կուզեի առանձնացնել ձեր լեգենդին՝ Հովհաննես Չեքիջյանին: Բնականաբար, նրա ղեկավարությամբ Կապելլայի ելույթներին բազմաթիվ անգամ ներկա եմ գտնվել, բայց ամեն անգամ Չեքիջյանն ինձ զարմացրել է. հազար անգամ լսածս ստեղծագործությունը նրա ղեկավարությամբ մի այլ հնչեղություն է ունենում… Շատ կուզեի, որ մեր երկրների երգչախմբերի փոխայցելությունները հաճախ լինեին:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2019