ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:
Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, 30-ամյա կինը նախկինում հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նրա մոտ իրավախախտումը կատարելիս հայտնաբերվել է «Անձի և վարքի օրգանական խանգարումներ, գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով՝ անձի բնութագրական փոփոխություններով, գիտակցության մթնշաղային /հոգեկան գործունեության ժամանակավոր/ խանգարումով» հիվանդություն, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին