Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական զուգարանների պատերին այլանդակ հայհոյանքներ փորփրողներն այժմ ինքնաարտահայտման նոր դաշտ են տեղափոխվել՝ Ֆեյսբուք. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 08,2019 12:52

Մամուլի կամ համացանցի ազատության բարձր ցուցանիշները, ցավոք, միշտ չէ, որ վկայում են խոսքի ու արտահայտման այնպիսի որակի ու մակարդակի մասին, երբ համընդհանուր չարիք դարձած «վերբալ զենքերը»՝ բռնության կոչերը, ատելության խոսքն ու վիրավորանքը եթե ոչ իսպառ բացակայում են, ապա գոնե նվազագույնի են հասցված։ Սոցցանցերի հայկական տիրույթում մի երկու րոպե պտույտ տվող, առցանց ԶԼՄ-ներով մատուցվող օրվա լրահոսին հետևող ցանկացած օգտատեր կփաստի, որ շատ դեպքերում տիրապետող է արտահայտման ցածր՝ վուլգար, «բլատնոյ» մշակույթը։ Տպավորություն է, թե մարդկանց այն տեսակը, որը մինչև համացանցի մասսայական լինելը իր անառողջ կրքերին հագուրդ էր տալիս մասնավորապես հասարակական զուգարանների պատերին այլանդակ հայհոյանքներ փորփրելով, այժմ ինքնաարտահայտման նոր դաշտ է տեղափոխվել՝ Ֆեյսբուք: Եվ հանգիստ թողնելով հանրային զուգարանների պատերը՝ իր կրքերն արտահայտում է սեփական կամ էլ այլոց վիրտուալ պատերին գրառումներ անելով։

Ցավալիորեն ատելության ու բռնության կոչ պարունակող այդպիսի գրառումները երբեմն տիրաժավորում են ԶԼՄ-ները՝ թիրախավորելով տարբեր անձանց ու սոցիալական խմբերի։ Մասնավորապես ատելության մթնոլորտի վտանգավորության մասին, ի դեպ, նույնպես գուժում ու զգուշացնում են միջազգային կառույցներն ու դրանց հայաստանյան ներկայացուցիչները։ Ուստի ենթադրում ենք, որ համացանցի՝ աճող ազատության փաստը նշելուն զուգընթաց իշխանությունը կյանքի կկոչի այդպիսի խոսքն ու դրա տարածումը, խրախուսումը կանխարգելող լրացուցիչ քրեաիրավական երաշխիքներ։

Նշենք, որ ԱՆ-ի կողմից մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։ (ԵՄ-ն էլ ատելության խոսքի կանխարգելման վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ, որոնք պարտավորեցնում են սոցցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ կանխարգելելու ատելության տարածումը)։ Հատկապես շատ կարևոր է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն չկանխվելու դեպքում անպատժելիության պատրանք է ստեղծում ու հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի։ Երբ այս տարի հունվարին սպանվեց Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, նրա կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ տիկնոջ, մշտապես բացասական երանգներով է լուսաբանել քաղաքապետի գործունեությունը։ «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, և նա որպես զոհ ընտրել է Պավելին։ Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր կինը։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930