«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անշարժ գույքի գործակալներն ու իրենց սեփական գույքը վարձակալությամբ տվող մարդիկ նշեցին, որ վերջին ամիսներին Երեւանում վարձակալելը թանկացել է:
«Տարիներ շարունակ այս գործն եմ անում, եւ վերջին ամիսներին, կարող եմ հաստատ ասել, կա գների բարձրացում քաղաքի բոլոր հատվածներում։ Նույն պայմաններով՝ կահույք չավելացնելով, որեւէ նորոգում չանելով, տանտերերը տալիս են միջինը 30-40 հազար դրամ ավելիով։ Ոմանց հետ ես դադարեցրի համագործակցությունս, քանի որ կրկնակի գումար էին պահանջում։ Օրինակ, անցյալ տարի 3-րդ մասում 2 սենյականոց բնակարանը կարող էի հանձնել 90-110 հազար դրամով, այս տարի ոչ պակաս՝ 140-150 հազար դրամ է»,- ասաց «Ռիալթոր» գործակալության աշխատակից Հասմիկ Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ վարձակալների համար հաճախ շատ դժվար է այդ բարձրացած գները վճարել. «Վճարում են՝ ի վնաս իրենց կենցաղային բարօրության, իրենց ապրելու գումարն են կրճատում։ Օրեր առաջ մի տանտեր ասաց, որ երկարաժամկետ բնակվողի հետ պայմանավորվեմ ավելի բարձր գնով, եթե համաձայն է, թող մնա, եթե չի կարող, պիտի դուրս գա։ Բնակարանը ամիսը 90 հազարով էր տվել։ Մարդը դուրս եկավ, եւ քանի որ այդ գնով բնակարան մեզ մոտ չկար, իրեն չէինք կարող առաջարկել, էլ չգիտեմ՝ գտավ-չգտավ, ինչ արեց»։
Գործակալի խոսքով՝ վարձավճարների բարձրացումը կապված է հետհեղափոխական ոգեւորության հետ. «Սա հեղափոխությունից հետոյի ստվերն է. մարդիկ դրական փոփոխություններ են սպասում, նոր եկամուտներ, եւ գներն էլ բարձրացնում են»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Սեփականատեր Մարիաննա Գալստյանը նկատեց, որ բնակարան վարձելը չի թանկացել Կենտրոնում, սակայն բարձրացել են վարձակալության գները ծայրամասերում՝ Շենգավիթ, Աջափնյակ, Նորք, եւ հատկապես՝ միջին արժեքի բնակարանների համար: «Կենտրոնում գները նույնն են, նույնիսկ՝ մի փոքր նվազել են ամառվա սեզոնից հետո։ Նաեւ այդ նվազումը պայմանավորված է այն փաստով, որ շատերն արտերկրից գալիս են, գնում բնակարաններ այստեղ հանգիստ անցկացնելու համար։ Նախկինում, եթե մի շրջան ապրում էին վարձով, հիմա այդ շրջանում Հայաստանում ապրելու համար ձեռք են բերում բնակարան։ Նաեւ նկատել եմ, որ գնում են բնակարան հիմնական տեղափոխվելու, Հայաստանում ապրելու համար, ներգաղթողներից ինձ առավելապես հանդիպել են բեյրութցիներ։ Եվ այս պարագայում, Կենտրոնի վարձակալության պահանջարկը նվազում է, եւ գինն էլ չի կարող բարձրանալ»,- ասաց նա։
Մարիաննա Գալստյանը վստահ է, որ աշխատանքային միգրանտները, ցածր աշխատավարձով մեր երկրում աշխատող հնդիկները չեն կարող ազդել վարձակալության շուկայի վրա. «Նրանք 10-15 հոգով մի սենյակ են վարձում»։
Կադաստրի պետական կոմիտեի գնահատման բաժնի պետ Աննա Նազարյանի դիտարկմամբ՝ միշտ էլ Երեւան քաղաքում բնակարանների վարձակալության արժեքը բարձր է եղել. «Եվ, ի դեպ, ի տարբերություն վաճառքի՝ այս պարագայում, թաղամասերը գրեթե ազդեցություն չեն ունենում գների վրա, վարձակալողներին ավելի շատ հետաքրքրում են տան պայմանները։ Բարձրացե՞լ են գները, թե՞ ոչ, չեմ կարող ասել՝ ի պաշտոնե, քանի որ Կադաստրը նման վերլուծություն չի կատարում համալիր տվյալներ չունենալու պատճառով»։
Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում