Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հարությունյան. «Այն, որ բուհում պետք է շարունակեն հայագիտական առարկաների դասավանդումը, դա պարտադիր է, բայց դա պետք է լինի բարձր ու խորը մակարդակով եւ այլ ձեւաչափով». «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2019 12:41

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի աշխատանքային նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ի թիվս մի շարք այլ հարցերի, մասնագետներն առաջ են քաշում բուհերի ինքնավարության խնդիրը, որը, մի կողմից, կարեւորվում է նախագծում, մյուս կողմից էլ՝ կասկածի տակ դրվում, քանի որ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում կառավարման խորհուրդը, ցանկության դեպքում, կարող է ռեկտորին ընտրել եւ ընտրությունը վերածել նշանակման։ Ընտրված կամ նշանակված ռեկտորն էլ իր հերթին կնշանակի ֆակուլտետի դեկաններին, որոնք էլ, համապատասխանաբար, կկազմակերպեն ամբիոնի վարիչների ընտրությունը։

Թե օրենքի այս նախագիծն ինչպես կազդի բուհերի ինքնավարության վրա, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը բավականին դրական տեղաշարժ ունի նախորդի հետ համեմատած, եւ շատ գործառույթներում բուհի ինքնավարությունը բարձրացված է։ Թե որոնք են այդ ոլորտները, ասաց. «Տնտեսական, ֆինանսական հարցերում բուհերի ինքնավարությունը բարձրացված է, օրինակ՝ օրինագծում կետ կա, որտեղ բուհը՝ ինքը, պետք է տնօրինի իր տարածքների վարձակալությունից ստացվող գումարները, որը դրական տեղաշարժ է եւ հնարավորություն կտա բուհին որոշակի եկամուտներ ձեւավորել եւ ավելի ճկուն լինել իր ֆինանսատնտեսական գործունեության մեջ։ Այդ մասով մենք որոշ առաջարկություններ արել էինք, օրինակ՝ այն միջոցները, որ բուհը չի ստանում պետական բյուջեից եւ ուսանողական վարձերի տեսքով են գոյանում, չօգտագործվեն ՀՀ գնումների մասին օրենքի ընթացակարգով, որովհետեւ ստեղծում է բավականին մեծ դժվարություն եւ ինքնավարության գաղափարին որոշակիորեն հակասում է»։

Ինչ վերաբերում է ռեկտորի ընտրության հարցին, կարծում է, որ երկակի մոտեցում կա։ «Խորհրդի ձեւավորման դեպքում անդամների 50 տոկոսը ներկայացվում է նախարարության կողմից, բայց, միեւնույն ժամանակ, հստակ նշված է, որ դրանք չեն կարող լինել հայեցողական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Դրանք հիմնականում գործատուներ են, բուհի հետ աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ չեմ կարող միարժեք ասել, որ դրանով հնարավոր կլինի վերահսկել բուհի կառավարման խորհրդի գործառույթները։ Սա արդեն կախված է առանձին դեպքերից»,- ասում է նա ու ընդգծում՝ առաջարկել են, որ դեկանների դեպքում այն շարունակի մնալ ընտրովի պաշտոն, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որ հիմա կան, բացառվեն։ «Մասնավորապես, որ ռեկտորին կնշանակի կառավարությունը՝ վերահսկելով խորհուրդը, իսկ ռեկտորն էլ, իր հերթին՝ դեկաններին։ Այդ ռիսկերը նվազեցնելու համար մենք նույնպես առաջարկեցինք, որ դեկանների պաշտոնները շարունակեն մնալ որպես ընտրովի պաշտոններ»,- ասում է Հարությունյանն ու հավելում, որ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել են ԿԳՄՍ։

Անդրադառնալով հայագիտական առարկաների դասավանդման խնդրին՝ կարծում է, որ բուհում հայոց լեզուն եւ հայոց պատմությունը չպետք է դասավանդվեն այն նույն ձեւով, ինչպես դպրոցում։ «Հիմնականում բոլոր բուհերը շարունակում են նույն ձեւաչափով եւ նույն մակարդակով այդ առարկաների դասավանդումը։ Այն, որ բուհում պետք է շարունակեն հայագիտական առարկաների դասավանդումը, դա պարտադիր է, բայց դա պետք է լինի բարձր ու խորը մակարդակով եւ այլ ձեւաչափով»,- ասաց նա ու նկատեց, որ իրենց բուհում դասադուլ անող ուսանողներ չկան եւ ուսանողները հիմա հանձնում են իրենց միջանկյալ քննությունները։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930