Հայաստանի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ երեւի այն է, որ մեզանում քաղաքականացվում է բացարձակապես ամեն ինչ՝ դպրոցական առարկաների ցանկը, բուհերի ինքնավարության ընդլայնմանն ուղղված քայլերը, ընտանեկան բռնության կանխարգելումը եւ այլն։ Իսկ ցանկացած խնդրի քաղաքականացում, ցավոք, առաջին հերթին ենթադրում է բովանդակային քննարկումների բացառում եւ պոպուլիզմի ահավոր մեծ չափաբաժին։
Դպրոցներում հայոց եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության ծրագրի շրջանակներում ուսուցանելու որոշումն, օրինակ, ընկալվում է որպես կազմակերպված գրոհ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ (ու բնականաբար՝ «նպատակը մեր հոգեւոր արժեքները ոչնչացնելն է, մեզ մեր արմատներից կտրելն ու օտարածին աղանդների առջեւ կանաչ լույս վառելը»), նույնը՝ բուհերում հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցման պարտադիր պահանջը վերացնելու եւ դա բուհերի հայեցողությանը թողնելու դեպքում, ընտանեկան բռնության կանխարգելումը ներկայացվում է որպես սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված քայլ, մշակույթի ոլորտում ցենզուրայից հրաժարվելը՝ այլասերվածության քարոզ, եւ այդպես շարունակ։ Ժամանակ առ ժամանակ հատուկենտ մարդիկ, իհարկե, փորձում են բովանդակային քննարկումներ ծավալել այս հարցերի շուրջ, բայց համընդհանուր պոպուլիստական աղմուկ-աղաղակը խլացնում է նորմալ քննարկման ցանկացած փորձ։ Եվ ամեն ինչ ի վերջո վերածվում է քաղաքական ակցիաների՝ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի պահանջով։
Որովհետեւ հասարակության մեջ դեռ չի ձեւավորվել կոնսենսուսն այն հարցի շուրջ, թե ի վերջո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ ու ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար։ Հաճախ մոտեցումները երկուստեք ծայրահեղական են՝ մի կողմում նրանք են, ովքեր համարում են, որ մենք բացառիկ ժողովուրդ ենք ու կարող ենք «թքած ունենալ» ժամանակակից աշխարհի զարգացման տենդենցների վրա, մյուս կողմում քիչ չեն նրանք, ովքեր համարում են, որ պետք է գլխովին նետվել գերժամանակակից աշխարհի հորձանուտի մեջ, իսկ ցանկացած «ազգային» հետադիմություն է ու կշռաքարերի պես կախված է մեր ոտքերից… Ընդ որում՝ ոսկե միջինը երկու կողմերն էլ դավաճանություն են համարում։
Օրինակ, երբեւէ լսե՞լ եք, որ բուհերում հայոց լեզվի դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու դեմ պայքարողները պահանջեն, օրինակ, որ օրենսդրական կարգավորում լինի, ըստ որի՝ եթե որեւէ բուհի որեւէ ֆակուլտետ հրաժարվում է հայոց լեզվի դասաժամերից, պարտավոր է դրանք փոխարինել բացառապես մասնագիտական առարկաներով, ընդ որում՝ դրանք պիտի դասավանդեն բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Ոչ, նման պահանջ չկա։ Պահանջում են նախարարի հրաժարականը, եւ վերջ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում