Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ հայտարարությանը, որը նա արել է Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքերում և աջակցել մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։
Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ «Հույների կողմից թուրքերի և այլ օսմանցի քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, նշել է, որ այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության նկատմամբ։
«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,- ասել է Աքսոյը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է.
«1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի՝ իր վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ էր հղել Թուրքիային: Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա: