ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը առանձին տաղավարով մասնակցում է այս օրերին անցկացվող Շարժայի միջազգային գրքի ամենամյա տոնավաճառին:
Գրադարանի առաջնորդությամբ Հայաստանի պատվիրակության կազմում են՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Հայաստան» մշակութային ՀԿ-ն:
Տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպել է «Կալիմաթ Գրուպ»-ի՝ ԱՄԷ մանկապատանեկան լավագույն հրատարակչության ներկայացուցիչ, հիմնադրամի մենեջեր Ամնա Ջումայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու հեռանկարային համագործակցության հնարավորությունները:
Կողմերը նախապես պայմանավորվեցին ստեղծելու հայերեն-արաբերեն երկլեզու գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:
Կարդացեք նաև
“Hamzat Wassl” արաբական օրաթերթին և “Год литературы” ռուսական կայքին տրված մեր պատվիրակության հարցազրույցներում կարևորվում էր խոշոր տոնավաճառներին Հայաստանի մասնակցությունը, քանի որ նրանք ոչ միայն լավ հարթակ են հայ գիրքը տեղի հայ համայնքին ցույց տալու, այլև հնարավորություն՝ մեր մշակույթը ներկայացնելու օտարազգի գրքոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով մշակութային երկխոսության և հեռանկարային համագործակցության նախադրյալներ:
Հիշեցնենք, որ տոնավաճառը մեկնարկել էր հոկտեմբերի 30-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 9-ը: