Երբ երկու տարի առաջ Երեւանի ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը ցանկանում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա կոյուղաջուր լցնել, նրան հռչակել էին ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկ, գրեթե ազգային հերոս: Հիմա, երբ նա քննադատում է նաեւ ներկայիս իշխանությանը, նրան համարում են անլուրջ անձնավորություն, երբեմն մեղադրում են անգամ հոգեկան շեղումներ ունենալու մեջ:
Երբ Արթուր Վանեցյանը զբաղեցնում էր ԱԱԾ պետի պաշտոնը, նա ոչ միայն հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշն էր, այլեւ մի մարդ, որը վերածնում էր հայկական ֆուտբոլը: Հիմա պարզվում է, որ նա ոչ միայն դավադիր է, այլեւ մեր ֆուտբոլը կործանող, նրա բոլոր քայլերն այս ոլորտում սխալ են եւ անօրինական:
Հասարակական այդ կտրուկ տատանումները, որոնք տեղի են ունենում տարիների կամ նույնիսկ ամիսների ընթացքում, ունեն միայն մեկ բացատրություն. Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե արժեքներով եւ գաղափարներով, այլ պահի տակ ձեւավորվող տրամադրություններով, որոնք խցկվում են պարզունակ հակադրությունների մեջ՝ «թալանչի է – թալանչի չէ», «ժողովրդի կողքին է – ժողովրդին դեմ է», «բարեկամ է – թշնամի է» եւ այլն:
Այդ առասպելաբանական աշխարհում «իզմերի» համար իսկապես տեղ չկա, իսկ նման պայմաններում չկա նաեւ որեւէ պատկերացում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի մեր երկիրը: Հենց այդ պատճառով էլ ինձ համար կարեւոր են այն քաղաքական ուժերը, այն գործիչները, որոնք առաջնորդվում են ոչ թե վերը նշված կարծրատիպերով, այլ ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ անընդունելի գաղափարներով:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի մասին կարելի է բազմաթիվ արդար կամ անարդար մեղադրական խոսքեր ասել: Բայց չնախապաշարված դիտորդը չի կարող չարձանագրել, որ այդ գործիչն իր մտքում ունի տնտեսական եւ քաղաքական որոշակի մոդել, որը ձգտում էր իրականացնել այն ժամանակ, երբ վարչապետ էր եւ որի տեսանկյունից քննադատում է նաեւ նախորդ ու ներկա իշխանություններին:
Դաշնակցության գաղափարները կարող են դուր գալ կամ դուր չգալ, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այդ կուսակցության քննադատությունը, որն ուղղված է ներկայիս իշխանությանը, բխում է այդ կուսակցության արժեքային համակարգից: Սկզբունքները, որոնք ընկած են այդ քննադատության հիմքում, ինձ համար ընդունելի չեն: Բայց դրանց պետք է հակադրել այլ սկզբունքներ, այլ գաղափարներ: Փոխարենն այսօրվա իշխանական քարոզչությունը գնում է ավելի հեշտ ճանապարհով՝ կոմպրոմատներ պեղել դաշնակցականների վրա: Նման պարզունակ մարտավարությամբ դժվար է առաջ է գնալ: Բայց վաղ թե ուշ իշխանությունը ստիպված կլինի հայտարարել իր «իզմի» մասին, այսինքն՝ ոչ միայն այն մասին, թե ինչը եւ ում է նա մերժում, այլեւ այն մասին, թե ինչն է իր համար ընդունելի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս մտածելակերպը շատ հին արմատներ ունի,այնքան հին որ Հռոմայեցի քաղաքական գործիչները , արդէն
այդ թուականներուն,հնարած էին քանդակիչ նախադասութիւն մը որ ամէն յարմար և տհաճ առիթներուն հրապարակ կը նետէին
«Quid quid recipitur ad modum recipientis recipitur »
՚՚ ԱՄԷՆ ԸՆԿԱԼՈՂ ԻՐ ԸՆԿԱԼՈՒՉԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ
Կ՛ ԸՆԿԱԼԷ ՚՚,,,
Ինչ որ կը թուի նոր վարչակարգն ալ արդէն ձեւակերպած է
/ափսոս / իր ընկալուչը և պարտադրուած է ընկալել
՛՛ իր ընկալուչին համաձայն ՛՛ ։ Մաղթեմ որ սխալիմ ։