Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ընդարձակ դասախոսություն կարդաց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի, հայ ժողովրդի պատմության մասին: Պահանջեց դուրս գալ իներցիաներից, ստեղծել մեկ, միասնական ճշմարիտ պատմություն։
Զարմանալիորեն՝ իր ելույթի ժամանակ նա անընդհատ հակադրում էր այդ առարկաները, թեև խոսում էր համադրության մասին: Բնավ զարմանալի չէր, որ դասավանդման փորձ չունեցող վարչապետը չի կարողանում ու չի ցանկանում ըմբռնել միացման անիմաստ լինելը, փոխարենը ամեն ինչ հանգեցնում է մի քանի տասնյակ ուսուցիչների կրճատմանը, որ նրա համար մեծ ողբերգություն չէ: Սա արդեն միայն եկեղեցի-պետություն կոնֆլիկտ չէ, սա իշխանություն-հասարակություն կոնֆլիկտ է, որտեղ իշխանությունը գործում է միայն իրեն հասու նպատակներով, հասարակությունը անտարբեր է: Եթե անտարբեր չլիներ, պիտի խոսեին հայ գրողները, որ լռում են, պիտի խոսեին հայ լեզվաբանները, որ լռում են, պիտի խոսեին հայ պատմաբանները, որ լռում են: Լռում են, որովհետև չեն ուզում հակադրվել իշխանությանն ու անձամբ վարչապետին, որովհետև նրանց խոսքի փոխարեն ասպարեզը լիքն է դիլետանտական-քաղաքական աղմուկով:
Ընկալումների պրիմիտիվիզմը այնքան խոր է նստած վարչապետի մեջ, որ առանձին առարկաներ լինելու նրբություններն ու կարևորությունը իմաստ չունի նրան բացատրել: Ինչպես իմաստ չունի նախարարին բացատրել, որ եթե բուհերում հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը չեն լինելու ուսումնական առարկաներ, դպրոցներում էլ չեն սովորելու: Ու չի փրկելու այն փաստը, որ կա քննություն: Իրականում հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության տարանջատումը բնավ չի խանգարում ընկալել հայ ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։ Կամ՝ խանգարում է նրանց, որ ուզում են հակադրել պատմություններն իրար: Անհեթեթ են պրիմիտիվ փաստարկները, թե «Հիմա ի՞նչ, այս երկրում մի հատ էլ առանձին առարկա՞ մտցնենք՝ Առաջին հանրապետության պատմություն, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդու՞մ իրականացնենք»։ Ոչ ոք չի առարկում «Մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն» ունենալու դեմ, «որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»։ Բայց այդ պատմությունը դեռ պետք է ունենալ, այս սկզբունքներով՝ հազիվ թե կլինի ողնաշար, ավելի շուտ՝ որոշ ողեր, որ իրար կկապվեն շղթաներով:
…Նոյեմբերի 6-ին դասադուլ էին արել ԵՊՀ բանասիրության ու պատմության ֆակուլտետի ուսանողները: Ի պաշտպանություն բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների: Փաստը, որ հենց այս երկու ֆակուլտետների ուսանողները, ոչ դասախոսներն են դասադուլ անում, վկայում է, որ ոչ պարտադիր դարձնելու օրինագծի ընդունման դեպքում ոչ ուսանողները, ոչ դասախոսները չեն ցանկանալու բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» սովորել ու սովորեցնել, որքան էլ նախարարությունը մեծահոգաբար թույլ է տալիս բուհերին «որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը» և «բուհի գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։
Կարդացեք նաև
Պարտադիր ուսուցման ցանկում են նաև բնապահպանությունը, քաղպաշտպանությունը, ֆիզկուլտուրան: Ոչ մեկին չե՞ն խանգարում: Ինչո՞ւ հայեցողական չեն դառնում: Կամ՝ նու՞յնն է, ինչ սովորում ես 6, 16 ու 26 տարեկանում: Ընկալման ու աշխարհընկալման տեսակետից: Մակարդակի տարբերություն չկա՞: Իսկ կա՞ ընկալում, որ բուհում ոչ թե լեզու են սովորում, այլ՝ լեզվով են սովորում, որովհետև լեզուն ձևավորում է մտածողություն: Ու ո՞վ է ասում, որ բուհում նորից գոյական, ածական, դերանուն, բայ ու դերբայ սովորեն, որ 12 տարի սովորել են դպրոցում: Կան գրագրություն, ոճաբանություն, հռետորական արվեստ, բանավոր ու գրավոր խոսքի զարգացում: Պոեզիա ու գրականություն, որ պետք է ոչ միայն սովորել, այլև սովորել սիրել ու հասկանալ: Եթե չես սիրում քո լեզուն ու գրականությունը, չգիտես քո պատմությունը, չես սիրելու ոչ մի ուրիշ լեզու, չես հասկանալու ուրիշի գրականությունը ու չես ընկալելու ուրիշի պատմությունը: Կղզիանալու ես քո ծովից ծով Հայաստանից մնացած մի կտոր հողի վրա, տգիտության չինական պարիսպը ոչ մի բարձր տեխնոլոգիա չի քանդելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում