Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լեգենդ չեմ, պարզապես կոմպոզիտոր եմ, որը ստեղծագործում է եւ ունի իր լսարանը»

Նոյեմբեր 08,2019 12:30

Կարլ Ջենկինսը Հայաստանում է

Շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած, մեր հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը: Մինչեւ նոյեմբերի 9-ը շարունակվող այս նախագծի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) տնօրինությունն է: Ժամանակակից դասականների ցանկում են Տիգրան Մանսուրյանը, Ցիգան Չենը, Գիա Կանչելին,  Քշիշտոֆ Պենդերեցկին,  Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կարլ Ջենկինսը, Ալեքսանդր Չայկովսկին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան) հետ իր հանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Ադիեմուսը», կներկայացնի բրիտանացի, 75-ամյա Կարլ Ջենկինսը, ում հետ էլ տեղի ունեցավ մեր զրույցը:

– Մաեստրո, դուք ձեր կարիերան սկսել եք որպես ջազ-ռոք երաժիշտ: Ընդ որում, արժանացել եք այդ ժանրի հնարավոր բոլոր մրցանակներին, հետո արդեն անցում եք կատարել դասական երաժշտարվեստի ոլորտ: Այստեղ էլ մրցանակների  պակաս չունեք: Մերօրյա «քայլող» դասական եք: Բայց, ելնելով  արտասահմանյան մամուլում ձեր մասին հրապարակումներից,  թույլ տվեք նկատել, որ ձեզ ավելի շատ ջազ-ռոք երաժիշտ են համարում:

– Իրավացի եք: Իսկապես, կան մասնագետներ, որոնք ինձ դասական չեն համարում: Ստացել եմ կոնսերվատորիական կրթություն: Այո, ստեղծագործել եմ ջազային ոլորտում: Բայց մի բան ակնհայտ է՝ լինի ջազ, ռոք, թե, ասենք՝   առաջադիմական ռոք, նշածս ժանրերում ստեղծագործություններս կառուցված են դասական հենքի վրա: Հավատացեք՝ ամենակարեւորը հանդիսատեսի հետ զգացմունքային կապ ունենալն է: Եթե դա կա, ուրեմն դասական ես: Թե չէ՝ ներկայիս շատ կոմպոզիտորներ ստեղծագործում են, այո, ստեղծագործում են չգիտես ինչ: Ես դրանք կոչում եմ անհեթեթություններ:

– Այնուամենայնիվ, դասական երաժշտարվեստում ձեր երկերը վաղուց դարձել են հայտնի գործեր, թեեւ դրանց շուրջ տարբեր տեսակետներ են հնչել: Օրինակ՝ հավատացնում են, թե «Զինված մարդը» մեսսայում որոշ հատվածներ հիթեր են հիշեցնում, որոշներն էլ մոտ են անգլիական օրհներգին, նույնիսկ արաբերենով աղոթք կա…

– Պատասխանեմ հետեւյալ կերպ՝ տարբեր ժանրերում ստեղծագործելիս, այդ թվում եւ դասական, դիմել եմ տարբեր ազգերի  երաժշտությանը: Երաժշտությունը պետք է գա սրտից, իհարկե՝ չմոռանանք ուղեղի դերի մասին նույնպես:

– Հանդիպել ենք մեկ-երկու պարբերականներ, որոնցում դուք ներկայացված եք լեգենդար կոմպոզիտոր…

– Չէ, չէ, ես լեգենդ չեմ, պարզապես կոմպոզիտոր եմ, որը ստեղծագործում է եւ, փառք Աստծո, ունի իր լսարանը:  Եթե լավ երաժշտություն ես գրում ու մարդիկ քեզ համարում են լավը, ուրեմն ընտիր  է:

– Կարելի է խնդրել ձեզ՝ մեր երիտասարդ կոմպոզիտորներին վարպետության դասի օրինակով բացատրել՝ ինչպես դառնալ հանրահայտ:

– Մարդիկ ընդունում են քեզ, լսում քո գրածը, հավանություն տալիս, ուրեմն դու հանրահայտ ես:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930