Երեւանում եւ Ստեփանակերտում ցուցադրված վավերագրական-խաղարկային «Միստիկ երկիր Առան» ֆիլմը ջերմ արձագանքների է արժանացել: Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանը: Ֆիլմի մտահղացումը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է, այն նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Գալստյանն ասաց, որ մեկ տարի առաջ Հրանտ Մովսիսյանի հետ մի ֆիլմ էին ստեղծել, որը նվիրված էր Սուրբ Գեղարդին, որով փորձ էր արվում ցույց տալ, թե ինչպես է դա ի պահ տրվել հենց մեր երկրին, եւ որն է դրա խորհուրդն ու արժեքը: «Երբ այդ ֆիլմը ցուցադրվեց Շուշիում, Պարգեւ Սրբազանը Հրանտ Մովսիսյանին առաջարկեց նկարահանել ֆիլմ Արցախի մասին, որի նախաձեռնությունը ռուսաստանաբնակ բարերար, Ջալալյանների տոհմի շառավիղ Արթուր Ջալալովինն է: Շատ հաճելի էր լսել այդ առաջարկը, եւ սիրով ես էլ մասնակցեցի այդ գործին, որն իմ երկրորդ աշխատանքն էր Արցախի մասին` 2006-ին նկարահանվել էր «Մի վախեցիր» ֆիլմը: Ըստ էության, ամբողջ աշխատանքը տեւեց մեկ տարի»,-հայտնեց սցենարի հեղինակը:
Խոսելով ձեւաչափի եւ խնդրի մասին, պարոն Գալստյանն ընդգծեց, որ իրենց ֆիլմում Արցախն այլ հայացքով են դիտարկել. «Արցախի մասին շատ է գրվել ու նկարահանվել… Ինչպես մարդն ունի իր ճակատագիրը, կենսագրությունը, հոգեւոր կենսագրությունը, այդպես էլ երկիրն ունի իր տեղն ու առաքելությունն այս աշխարհում: Մենք փորձ ենք արել մոտենալ Արցախի կենսունակության եւ հարատեւման գաղտնիքին»:
Հարցրինք, թե ինչո՞ւ որոշեցին խաղարկել Առան խորհրդանիշը: «Ինչպես մեր հնագույն Նաիրին դարձավ հոգեւոր Հայաստանի խորհրդանիշ, օրինակ, Չարենցի ու Տերյանի համար, այդպես էլ մեր ֆիլմում դա դիտարկվեց որպես Արցախի նախասկզբի, հոգեւոր Արցախի խորհրդանիշ:
14-րդ դարից այս կողմ Առան անունը մնաց պատմական եւ գրավոր վկայություններում… Իսկ ինչո՞ւ միստիկ երկիր, որովհետեւ ըստ էության, մենք փորձում էինք տեսնել ի՞նչ կա փաստից այն կողմ, Արցախը իրադարձությունների, պայքարի, մաքառումների երկիր է, բայց մենք ոչ թե փորձում էինք զննել քաղաքագիտական, պատմագիտական, գիտական հայացքով, այլ բանաստեղծական հայացքով, փորձում ենք ցույց տալ` որն է նրա խորհուրդն առհասարակ համաշխարհային համատեքստում… Ինչպես ֆիլմում է ասվում` գուցե այստե՞ղ է վճռվում մարդկության զարգացման հետագա ընթացքը եւ այստեղ է մարդկությունն առերեսվում ճշմարտության հետ: Երբ խոսքը հոգեւոր հայացքի մասին է, դժվար է դրա շուրջ հավելյալ մեկնաբանություններ անել…»:
Կարդացեք նաև
Նա Պարգեւ սրբազանի պատմությունը ներկայացրեց ֆիլմում առկա մի դրվագի մասին, որը ֆիլմի թրեյլերում էլ է ընդգծված. «Ծանր տարիներին մեկը հաց է հայթայթում իր երեխաների համար, բայց տեսնում է, որ մի երեխա անթարթ հայացքով նայում է: Նա հացը կիսում եւ տալիս է այդ երեխային, եւ ինչպես ֆիլմում է ասվում, դրանով իր սիրտն է տալիս եւ հաղթում»:
Նրանից տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանված է ռուսերեն, ձայնավորված է, Ջալալովը եւ Մովսիսյանը զբաղված են այդ հարցերում, շուտով նաեւ անգլերեն տարբերակը կլինի: Ֆիլմում մի պատառիկ կա Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ից, կա նաեւ Գանձասարի հայտնի ժողովի դրվագը, որը բեմականացված է Արցախի թատրոնի դերասանների ուժերով, կաթողիկոսի կերպարն էլ Արթուր Ջալալովն է մարմնավորել, նաեւ անիմացիա կա, որով բարու եւ չարի, լույսի ու խավարի բախումն է խորհրդանշում` ի դեմս Հայկի եւ Բելի ճակատամարտում Հայկի վճռորոշ հաղթանակի:
Լեւոն Գալստյանը առանձնահատուկ կարեւորեց հացի տեսարանը, Գանձասարի ժողովը, նաեւ մի դրվագ, երբ 19-րդ դարում արցախյան արմատներով մի մեծահարուստ մարդ` Հովսեփ Ամիրխանյանը նամակ էր գրել Ալեքսանդր Ցարին եւ առաջարկել գնել Արցախը, սակայն այն նավը, որով պետք է Պետերբուրգ շարժվեր, անհետացել էր: «Այս դրվագը ոչ թե ինտրիգի համար ենք մեջտեղ բերել, այլ այն միտքն է շեշտադրված, որ ուժով նվաճված հայրենիքը ուժով էլ հետ են վերցնում»,-նշում է Լեւոն Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Միստիկ երկիր Առան» ֆիլմի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
07.11.2019