Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը գործոն էր անցյալում

Նոյեմբեր 08,2019 14:30

«Հիշում ենք Քոչարյանի հայտնի խոսքերը, երբ Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտ էր ներկայացրել 2007-ին. «Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ՝ բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատեւշատ բաներ հիշեցնելու ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

– Երբ մոտ մեկ տասնամյակ առաջ ստեղծվում էր Հանրային խորհուրդը, «Առավոտին» տված հարցազրույցում կասկածի տակ էիք առել դրա արդյունավետությունը, սակայն հետհեղափոխական շրջանում Նիկոլ Փաշինյանը նույն պաշտոնին դարձյալ նշանակեց Վազգեն Մանուկյանին: Իսկ վերջերս, անգամ խոսակցություններ են պտտվում, որ Վազգեն Մանուկյանն առնչություն ունի Հոկտեմբերի 27-ի հետ: Նաեւ կարծիքներ են հնչում, թե Հանրային խորհուրդը Սերժ Սարգսյանը ստեղծել է Վազգեն Մանուկյանին աշխատանքով ապահովելու նպատակով։ Ի՞նչ եք մտածում Վազգեն Մանուկյանի եւ Հանրային խորհրդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Այն ժամանակ էլ պարզ էր, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է լինելու, թեպետ Սարգսյանը փորձում էր Մարտի 1-ից հետո այն ստեղծելով, իբր հանրության շրջանում լարվածությունը թուլացնել։ Իրականում Սարգսյանը Մանուկյանին նշանակեց, որպեսզի անհրաժեշտության դեպքում նա խոսի Տեր-Պետրոսյանի դեմ, կամ առնվազն զսպի առաջին նախագահի հետընտրական ակտիվությունը, չէ՞ որ Մանուկյանն էլ 1996-ի նախագահական ընտրությունների հիմնական ընդդիմադիր դերակատարն էր։ Հիմա, երբ ակտիվ է Մարտի 1-ի թեման, գուցե Փաշինյանը վերանշանակեց, որպեսզի Մանուկյանը Տեր-Պետրոսյանի դեմ չխոսի։ Մանուկյանը գործոն էր անցյալում, առաջին նախագահի դեմ խոսելու կամ լռելու պարագայում, նա այսօր գործոն չի կարող դառնալ։ Տեր-Պետրոսյանն ակտիվ գործընթացներում ներգրավված չէ, իսկ նույնացնել Փաշինյանին ու Տեր-Պետրոսյանին, միամտություն է. այդ գործիչներն անգամ Մարտի 1-ի դեպքերի առիթով նույն կերպ չվարվեցին՝ վճռորոշ պահին Տեր-Պետրոսյանը տանն էր, իսկ Փաշինյանը փողոցում գլխավորում էր շարժումը։ Թե նրանցից ով էր ճիշտ կամ սխալ, այլ քննարկման թեմա է, ուղղակի նրանց նույնացնելն անիմաստ զբաղմունք է։ Ոմանց դա հարկավոր է, որպեսզի զուգահեռներ անցկացնեն Ղարաբաղի հարցի կարգավորման առումով Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ, բայց սա քաղաքականությունից հեռու մարդկանց դատողություններ են, քանի որ այս ընթացքում աշխարհում, տարածաշրջանում ու երկրում շատ բան է փոխվել, բացի այդ՝ ո՞ր «հայտնի ուժերը» եւ ի՞նչ հիմնավորմամբ են պարտադրելու Փաշինյանին հրաժարական` նա էլ համաձայնի։

– Բայց Վազգեն Մանուկյանի քաղաքական ակտիվությունը գուցե անհանգստացնո՞ւմ է ոմանց, որ նրա դեմ մեղադրանքներ են հնչեցվում։

– Կարծում եմ՝ Մանուկյանի դերակատարությունը սպասվելիք քաղաքական գործընթացներում խիստ գերագնահատված է։ Նա ծառայել է Սերժ Սարգսյանին, հիմա էլ, երբ «ղարաբաղյան կլանը» նեղն է ընկել, պատրաստվում է ծառայություն մատուցել հոգեվարքի մեջ հայտնված կլանին։ Նրա քայլերի տրամաբանությունն ակնհայտ է, ու գեղեցիկ բառերով կամ փաթեթավորմամբ դա չես քողարկի։

– Վարկած կա, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման նպատակը, ինչի մասին այժմ շատ է խոսվում, Ռոբերտ Քոչարյանի դեմ Նաիրի Հունանյանից ցուցմունք կորզելն է։ Դա հավանակա՞ն եք համարում:

– Քսան տարի է՝ մեր հանրությունը Հոկտեմբերի 27-ի հարցում մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, միշտ է խոսվել, որ քանի նախկինները չեն հեռացել իշխանությունից, այդ գործը չի բացահայտվելու։ Ու, եթե երկրորդ ու երրորդ նախագահները մեղսակից չեն, պետք է շահագրգռված լինեն, որ գործը վերաբացվի, փարատվեն կասկածները։ Հունանյանը տեւական ժամանակ մեկուսացման մեջ է գտնվել, հիմա փորձելու է ամեն ինչ ասել, միայն թե դա օգնի բանտից դուրս գալուն, կամ գոնե արածը որեւէ կերպ արդարացնելուն։ Փորձառու քննիչը կարող է այդ սրիկայից կորզել «բանալի» բառեր, որոնց օգնությամբ կբացվեն գործի «փակ դռները». չէ՞ որ բազմաթիվ կասկածներ կան գործի հետ կապված։ Հոկտեմբերի 27-ը միջազգային մասշտաբի սկանդալային գործ է, ու սոսկ անուն հնչեցնելով՝ գործ չես բացի որեւէ մեկի դեմ։ Նախկինների սարսափը, թե իշխանությունները Հունանյանի հետ գործարքի կգնան, գործարքից չէ, որ վախենում են, այլ՝ հետքի վրա դուրս գալուց, երբ գրեթե ոչ ոք չի հավատում, որ ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողներն այդ մի քանի հոգին էին, ու նրանց հետեւում ներսի կամ դրսի ուժեր չկային։

– Ասում եք՝ «ղարաբաղյան կլանը» նեղն է ընկել, բայց Քոչարյանն ամիսներ առաջ պնդում էր, որ «կոնսենսուս մինուս մեկ» ծրագրի շրջանակներում աշնանը իշխանափոխություն է տեղի ունենալու փողոցում, լինելու են նոր ընտրություններ: Երկրորդ նախագահի կողմնակիցներն էլ վստահեցնում են, որ իշխանության է գալու հենց Ռոբերտ Քոչարյանը։

– Եթե դա հիշեցնում եք, հիշենք նաեւ, որ ձեր թերթում այս տարվա հուլիսին հակադարձել եմ ասվածին, որ՝ Քոչարյանը բացարձակ պատկերացում չունի երկրի քաղաքական իրավիճակից եւ ահավոր գերագնահատում է իր հնարավորությունները։ Աշունը շուտով կավարտվի, իսկ պրոցեսները հեռու են Քոչարյանի նշած իրավիճակից։ Սերժ Սարգսյանի աջակիցներն ավելի համեստ են, երբ կարծում են, որ Փաշինյանը պաշտոնանկ կարվի եկող տարվա ընթացքում, շուտով երրորդ նախագահը կխոսի, ու, բնական է, ինքն էլ կվերադառնա իր նախկին պաշտոնին, քանի որ ժողովուրդը սովորություն ունի մերժվածներին հետ բերելու։ Պնդում եմ, որ նրանց կանխատեսումը նույնպես սխալ է։

Հետո էլ նախկինները դժգոհում են, թե Փաշինյանն իր համար ինքնաթիռ է գնում, առանձնատունը վերանորոգում, ուրախ չե՞ք, որ դա անում է, որպեսզի հանձնի Քոչարյանին կամ Սարգսյանին։ Թե՞ նրանց իշխանության վերադառնալուն իրենք էլ չեն հավատում, բայց փորձում են հավատացնել հանրությանը։ Ասում են ՍԴ նախագահին պաշտոնանկ անելուց հետո Փաշինյանը երկրում հաստատելու է դիկտատուրա։ Գուցե կողմնորոշվե՞ն՝ վարչապետն ա՞յս ամիս է հեռանում, եկող տարի՞, թե՞ պաշտոնավարելու է ցմահ։ Թե չէ, գուցե կան փոքրաթիվ մարդիկ, որ նախկիններին լուրջ են ընդունում ու կարող է պատահի նրանց խոսքերին հետեւում են։

– Գործող իշխանություններին քննադատում են ոչ միայն ինքնաթիռի ու առանձնատան համար, այլեւ՝ նախարարների աշխատավարձերն ամսական մեկուկես միլիոն դրամ դարձնելու։ Ի դեպ, պետական ապարատի աշխատողներն էլ են դժգոհություններ հայտնել, որ նախարարի ու իրենց աշխատավարձերն այդքան զգալի տարբերվում են։

– Լավ կլինի պետական համակարգում բոլորի աշխատավարձերը բարձր լինեն, բայց եթե առայժմ հնարավոր չէ, չի նշանակում, որ քննադատողներն անլուրջ փաստարկներ պետք է բերեն, թե անփորձ նախարարները ո՛չ մինչեւ պաշտոնը ստանձնելը, ո՛չ պաշտոնաթողությունից հետո նման աշխատավարձ չեն ստացել ու չեն ստանա, ինչո՞ւ են այդ դեպքում այսչափ բարձրացրել նրանց աշխատավարձերը։ Աշխատավարձը տալիս են այդ աթոռին նստածին՝ մեծ ծավալի բեռ ու ահռելի պատասխանատվություն ուսերին վերցնելու համար։ Եթե նախարարն իր տեղում չէ, ապա պետք է փոխվի, բայց ով էլ գա՝ բարձր աշխատավարձ պետք է ստանա։ Նայենք թեկուզ մասնավոր սեկտորը՝ օտարերկրյա կապիտալով ընկերություններից սկսած, վերջացրած բանկային համակարգով, որտեղ ամեն լուման հաշվել գիտեն, կտեսենք, որ «թոփ մենեջերները» իրենցից անմիջապես ներքեւի ստորաբաժանման ղեկավարներից բազմապատիկ անգամ բարձր աշխատավարձ են ստանում, շարքային աշխատողների համեմատ՝ էլ չասեմ։ Եթե մեծահարուստ ու փորձառու անձնավորության նախարար նշանակեն, աշխատավարձը մեկուկես միլիոն դոլա՞ր պետք է սահմանեն, որպեսզի «լայաղ անի» աշխատել։ Ի դեպ, ունեցել ենք ժամանակներ, որ եթե նախարարն այդ ամիս ընդամենը մեկուկես միլիոն դոլար վաստակեր, դեպրեսիայի մեջ կընկներ, թե համարյա ձրի աշխատեց, իսկ իր ենթակաների աշխատավարձերն անհամեմետ ավելի ցածր էին, քան հիմա է, բայց աշխատում էին, նախարարների աշխատանքի ծավալն էլ փոքր էր այժմյան «սուպերնախարարների» հետ համեմատած։

– Պնդումներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը լավ կառավարիչ է եղել. ինչո՞ւ չի գնահատվում նրա վաստակը։

– Ստալինի ռեժիմից էլ բոլորը չէին դժգոհ։ Մի մտավորական ընտանիք աքսորել են Սիբիր, իսկ մի մատնագրի ճղճիմ հեղինակի տվել այդ մտավորականի բնակարանը։ Այդ ստոր արարածի զավակն ի՜նչ լուսավոր է պատկերացրել, չէ,՞ ստալինյան ժամանակները, ախր իրենք ո՜վ էին, որ այդպիսի բարեկեցիկ պայմաններում ապրեին։ Ի՞նչ է՝ Ստալինի ժամանակ չէին կառուցո՞ւմ։ Նույն տրամաբանությամբ կարելի է գնահատել Քոչարյանի ժամանակները՝ ռեժիմի ծառաները լավ էին ապրում։ Ասում են՝ այս կամ այն շինությունը Քոչարյանն է կառուցել, չեն ասում՝ նրա օրոք, կարծես անձամբ է շաղախն արել, քարը դրել քարի վրա, բայց երբ խոսք է գնում համատարած թալանի, կոռուպցիայի, մարդկանց հանիրավի բանտարկելու, ունեզրկելու ու բռնաճնշումների մասին, պարզվում է՝ Քոչարյանն այդ ամենից անտեղյակ է, «գերագույն գլխավոր բեխաբարն» ինչի՞ց է տեղյակ եղել, որ պատասխան տա։

– Իսկ նորմա՞լ եք համարում`ամեն առիթով Քոչարյանին իր անցյալը հիշեցնելն ու բանավեճի մեջ հաշվի չառնել, որ նա, ի վերջո, ՀՀ նախագահ է եղել։

– Մինչ հորդորում ենք իշխանություններին՝ չմխրճվել անցյալի մեջ, գիծը քաշել առաջ անցնել, երկրորդ նախագահն ու նրա թիմակիցներն են ցանկանում մեզ հետ տանել, համոզել, որ երկրի պայծառ ապագան՝ քոչարյանական անցյալն է, չե՞ք ուզում։ Ո՛չ, չե՛նք ուզեցել այն ժամանակ, չե՛նք ուզում այսօր, չե՛նք ուզելու վաղը։ Իսկ պաշտոնաթող նախագահի կարգավիճակը բումերանգի էֆեկտ ունի։ Հիշում ենք Քոչարյանի հայտնի խոսքերը, երբ Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտ էր ներկայացրել 2007-ին. «Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ՝ բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատեւշատ բաներ հիշեցնելու ենք»։ Այժմ եկել է Քոչարյանին հիշեցնելու ժամանակը, ու ոչ միայն նրան։

Զրույցը`

 ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930