Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտը՝ «Կոնվենցիայի ստամբուլյան լեզվի» մասին

Նոյեմբեր 08,2019 13:30

Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե մենք ինչ ենք տվել Եվրոպային ու ետ չենք կարողանում ստանալ, որ անընդհատ խեղճանում ենք նրա պայմանների առաջ: Թվում էր՝  հեղափոխությունից հետո եվրոպական ամենահայտնի կազմակերպությունները պետք է սկսեին օգնել մեր ժողովրդին, որ քաջություն ունեցավ փոխելու իր երկրի ընթացքը դեպի արդարություն, սակայն, փաստորեն, դրանք, մեզ դեռ ոչինչ չտալով, շարունակում են պայմանների լեզվով խոսել մեզ հետ:

Հիմա էլ՝ ստամբուլյան կոչվող կոնվենցիան

Խնդրում ենք մեր պետական մեծարգո այրերին մարդկային պարզ լեզվով ժողովրդին բացատրել, թե ինչ կլինի մեզ, եթե հրաժարվենք դրա վավերացումից: Կա՞ որեւէ ծածուկ բան մեր ժողովրդից. չէ՞ որ արդեն մեկ տարուց ավելի է, որ մեր իշխանությունները որեւէ գաղտնիք չունեն ժողովրդից: Ուրեմն՝ կարելի է պարզ բացատրել, որ, ահա, ժողովուրդ ջան, եթե մենք այս կոնվենցիան չվավերացնենք, մեզ այս-այս վատ բաներն են սպասվում, ու, կարեւորը, եթե վավերացնենք, այս-այս լավ բաներն են սպասվում: Պետք է ասել, թե որոնք են այդ լավ-լավ բաները, որոնց համար տխրահռչակ այդ կոնվենցիան վավերացնելու նպատակով ԱԺ-ում քննարկումներ են կազմակերպվում:  Բայց արի ու տես, որ այդ կոնվենցիան նախ հասկանալն է անհնար, ու, տրամաբանորեն, անգամ աներեւակայելի ջանքերի դեպքում անկարելի է բացատրել չհասկացվող բանը:  Իմ խոսքն այս անգամ ամենեւին էլ  հռետորական չէ, քանի որ, իրոք, հայերեն թարգմանված այն տեքստը, որ  տեղադրված է համացանցում որպես ստամբուլյան կոնվենցիա, խոսքի տրամաբանականության, հետեւողականության, ճշտության, ճշմարտացիության, ճշգրտության, լեզվական նորմի տեսանկյունից, մեղմ ասած,  անգրագիտություն է: Մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ մեր ասելիքը ոչ թե ներկայացված կոնվենցիայի պարունակած տեղեկույթին է վերաբերում, այլ դրա լեզվախոսքային մատուցմանը, որի «շնորհիվ» այդ տեքստն այդպես էլ շատ կարեւոր (ըստ մեզ) հատվածներում մնում է անհասկանալի: Կա՞ միտումնավորություն այդ իրողության մեջ՝ նույնպես անհասկանալի է: Գուցե թարգմանությո՞ւնն է վատ, գուցե, բայց դե…  Վատը վատ, բայց նախ ըմբռնել, հասկանալ է պետք, հետո միայն վերաբերմունք արտահայտել: Մեր ասածը, բնականաբար, հարկ ենք համարում հիմնավորել կոնկրետ փաստերով:

Օրինակ` «Գիտակցելով…  Գիտակցելով… Գիտակցելով (այսպես մի քանի պարբերություն գիտակցելով) … Գիտակցելով, խորը մտահոգությամբ, որ կանայք եւ աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի ծանր ձեւերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական հետապնդումը, բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները եւ կանանց սեռական օրգանների խեղումը, որպիսի հանցագործությունները հանդիսանում են կանանց եւ աղջիկների մարդու իրավունքների ծանր խախտումներ եւ իրենցից ներկայացնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը:

Համաձայնեցին հետեւյալի մասին…»:

Կներեք, ի՞նչ է նշանակում «հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները եւ կանանց սեռական օրգանների խեղումը».  արդյոք սա նշանակում է, որ «հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները»  եւ «կանանց սեռական օրգանների խեղումը» համասեռ հասկացություններ են, եւ այդ պատճառով դրանք կարելի է միավորել եւ շաղկապով (չես ասի՝ ընտանի կենդանիներ կովը, խոզը եւ արջը…): Թե՞ դրանք եւ-ով բաժանվել են որպես անհամասեռ հասկացություններ, ասենք, «հանուն այսպես կոչված «պատվի» կատարվող հանցագործությունները» հանցագործություն են, իսկ, թող ինձ ներեն կանայք, «կանանց սեռական օրգանների խեղումը» հանցագործություն չէ:

Մեջբերվող «նախադասությունը» զուրկ է շարահյուսական կառույցից. վերլուծենք. գիտակցելով ի՞նչը, այն, որ կանայք եւ աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության, որ… կարծես մի կերպ շարադրանքը առաջ է գնում, բայց հանկարծ հասնում է որպիսի  բառին, որ չգիտես՝ ինչ է, ինչ շարահյուսական իմաստ ու պաշտոն ունի, խեղվում է նախադասությունը եւ ոչ թե կանանց… Կամ՝ «հանցագործություններն հանդիսանում են կանանց եւ աղջիկների մարդու իրավունքների ծանր խախտումներ եւ իրենցից ներկայացնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը». հանցագործություննե՞րն են հանդիսանում հավասարության հասնելու խոչընդոտներից մեկը, թե՞ այդ հանցագործությունները պայմանավորող ու դրանց նախորդող ինչ-ինչ երեւույթներ: Բացակայում է նաեւ կետադրությունը, որը գուցե օգներ ինչ-որ չափով ընկալելի դարձնել «միտքը»: Կամ՝ ոճական առումով ինչպե՞ս մարսես «կանանց եւ աղջիկների մարդու իրավունքների ծանր խախտումներ»-ը,  «իրենցից ներկայացնում»-ը, «հանցագործություններն հանդիսանում են եւ իրենցից ներկայացնում… խոչընդոտներից մեկը», ու այս ամենը՝ մեկ «նախադասության» մեջ՝ չհաշված ուղղագրական սխալը:

Մեկ ուրիշ հատված սույն կոնվենցիայից.

«Հոդված 14 -Կրթություն

Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի եւ վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային

հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում եւ հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին»։ Թվում է՝ նորմալ է: Բայց երբ հասնում ես ընդգրկվեն  բային, սկսվում է անիմաստության մղձավանջը, որը խորանում է «հարմարեցված լինելով» շարունակությամբ:  Ու թեեւ խոստացել էի անդրադառնել այս փաստաթղթի միայն լեզվական կողմին, այնուամենայնիվ, անհնար եմ համարում չհարցնել, թե ինչ է նշանակում «կարծրատիպերից զերծ գենդերային դեր»-ը: Այսինքն՝ տղան տղա չէ, աղջիկը՝ աղջի՞կ: Եվ սա՝ «կրթական բոլոր մակարդակներում» պարտադրանքո՞վ, այսինքն՝ դպրոցում աշակերտներին պետք է բացատրենք, որ հնարավոր է՝ տղան տղա չէ, ու մամա էլ կարող է լինել մի փռչոտ տղամա՞րդ, որն ասում է, թե ինքը կնի՞կ է: Թե՞ աղջիկը տղա է, տղան՝ աղջիկ: Ըստ այս կոնվենցիայի՝ բնականը կարծրատիպ է: Բնականը (ոչ թե կարծրատիպը) այն է, որ տղան տղա է, աղջիկը՝ աղջիկ: Կարո՞ղ է մի աղջիկ ասել, որ ինքը, «պապայի արեւ», տղա է: Է, թող ասի, մենք նրա համար օրե՞նք պետք է ընդունենք, կոնվենցիա՞ վավերացնենք: Այդ դեպքում առաջարկում եմ «կարծրատիպերից զերծ կենդանադեր»-ի քննարկում: Մի մարդ կարող է հայտարարել, որ իր «կարծրատիպերից զերծ կենդանադերը» եղնիկն է,  ու մարդ սպանի այն հույսով, որ եղնիկին չեն դատի:

Կամ՝ «Մասնակից պետություններին քաջալերվում է սույն Կոնվենցիան կիրառել ընտանեկան բռնության բոլոր զոհերի նկատմամբ»։ Նկատմա՞մբ…

Կամ՝ «Մասնակից պետությունները գենդերային չափումը պետք է ձեռնամուխ լինեն ներառելու սույն Կոնվենցիայի դրույթների կատարման եւ ներգործության գնահատման ընթացքում»: Ի՞նչ հասկացաք…

Չգժվեք. մեկն էլ ու վերջ.  «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ վերապատրաստում տրամադրեն կամ կատարելագործեն վերջինիս տրամադրումը սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության բոլոր գործողությունների զոհերի եւ դրանք կատարողների հետ առնչվող համապատասխան մասնագետների համար այնպիսի հարցերով, ինչպիսիք են նման բռնության կանխարգելումն ու բացահայտումը, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարությունը, զոհերի կարիքներն ու իրավունքները, ինչպես նաեւ՝ թե ինչպես կանխել կրկնակի զոհականացումը»։ Կներեք:

Բայց չշեղվենք. այս լեզվական խճճանքը, բժժանքը, հուզանքը ինչի՞ համար է, ի՞նչն են քննարկում մեր ԱԺ-ում: Չհասկացա՞ծը:  Ա՞յն, որ հնարավոր չէ հասկանալ: Ու այսպես չհասկանալով՝ երկրի խորհրդարանում վավերացնելո՞ւ են անմեղսունակությունը: Գուցե նման անմեղսունակ անգրագիտություններ ապագայում ավելի հեշտ վավերացնելո՞ւ համար է ԿԳՄՍ նախարարը բուհերից հայոց լեզուն ու պատմությունը, հայ գրականությունը վտարում, ավանդական, 96-ամյա մանկապատանեկան «ԱՂԲՅՈՒՐ» ամսագրի փոխարեն դպրոցներ առաքում խատուտիկ անգրագիտություններ ու տգիտություններ (տե՜ս norinfo.am):

Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

«ԱՂԲՅՈՒՐ»
մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր,
բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ,
Հայաստանի գրողների միության վարչության անդամ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930