Aravot.am-ը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի թույլ տված հնարավոր չարաշահումների դեպքով քրեական գործ չկա հարուցված: Կոմիտեից մեզ հայտնեցին, որ Բաղդասարյանին մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։ Հիշեցնենք նաեւ, որ, ըստ ոստիկանության, քրեական գործ է հարուցվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին, գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
Ռուսլան Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն մեղսագրվող չարաշահումները, վստահեցրեց, որ ոչ մի չարաշահում էլ թույլ չի տվել: Նա ասաց, որ այդ դեպքով չի հարցաքննվել, չի հրավիրվել ոստիկանություն՝ պարզաբանում տալու:
Պարոն Բաղդասարյանը հրաժարվեց չարաշահումների դեպքով մեկնաբանություն տալ՝հիշեցնելով, որ իր մեկնաբանությունն արդեն գրել է ֆեյսբուքում:
Կարդացեք նաև
«Այս ամենն արված է լոկ Ռուսլան Բաղդասարյանի բարի անունն ու համբավն արատավորելու նպատակով, և չի բացառվում, որ այս ամենը կապ ունի այն հանգամանքի հետ, որ Ռուսլան Բաղդասարյանը անխնա քննադատության է ենթարկում քաղաքային իշխանություններին»,-ասաց Ռուսլան Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը: Նրա համոզմամբ, նյութերի նախապատրաստական 10-օրյա ժամկետում դժվար էր այդ ծավալի ուսումնասիրություններ և քննություն ծավալել, ինչի վերաբերյալ խիստ վաղաժամ հրապարակում եղավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ