Քիչ առաջ ավարտվել է ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը, որում ըստ տարածված լուրերի, բացի Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու օրինականությունից, կարող էր քննարկվել նաեւ Արթուր Վանեցյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:
Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին, ինչին հաջորդել էին ՀՖՖ գործկոմի մի քանի անդամների հայտարարությունները, թե նա միանձնյա այդպիսի որոշում կայացնելու իրավունք չուներ, եւ որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակում է գործկոմը:
Սակայն այսօր ՀՖՖ գործկոմը հաստատել է Արթուր Վանեցյանի որոշումը: Պարզվում է, որ նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունքը վերապահվում է ֆեդերացիայի նախագահին: Իսկ ֆեդերացիայի աշխատակիցը, որ պետք է նոր կանոնադրությունը պետռեգիստրում գրանցեր ամռանը, իր աշխատանքը պատշաճ չի կատարել եւ դա արել է հոկտեմբեր ամսին: Այսինքն, Արթուր Վանեցյանն իր լիազորությունները չի գերազանցել:
Aravot.am-ի հարցին, թե շարունակելո՞ւ է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես ՀՖՖ նախագահն եմ եւ կառույցը ղեկավարելու եմ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը՝ չորս տարի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ