Լրահոս
Օրվա լրահոսը

Զագսի դեմը նույնասեռականները հե՞րթ են կանգնել. Սիսակ Գաբրիելյանի հարցը ԲՀԿ-ականին, որն առաջարկում է նույնասեռականների ու սեռափոխվածների ամուսնությունն օրենքով արգելել

Նոյեմբեր 07,2019 18:16

ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարել՝ նույնասեռականների ամուսնությունների «դեմն առնելու» համար:

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ Ընտանեկան օրենսգրքում պետք է հստակ ամրագրել, որ ՀՀ-ում արգելվում է նույնասեռականների, ինչպես նաեւ սեռափոխված անձանց ամուսնության գրանցումը. «Կարող է կարծիք հնչել, որ Սահմանադրության մեջ արդեն 35 հոդվածում ասվում է՝ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միջեւ դաշինքն է, բայց չպետք է մոռանանք, որ մարդիկ կարող է լինեն սեռափոխված, դիմեն ՔԿԱԳ՝ զագս: ՀՀ Սահմանադրության 39 հոդվածով մարդիկ ազատ են անել այն, ինչն արգելված չէ օրենքով: Հիմա այդ երկու սեռափոխվածը կամ նույնասեռականը կգնան զագս ու կասեն՝ ո՞ւմ է խանգարում, որ մենք ամուսնանանք, եթե զագսը մերժի, նրանք զագսի անգործությունը կբողոքարկեն դատական համակարգում»:

Պետրոսյանն ասաց, որ երբ իրեն արդեն իր նախագծի հետ կապված սպառնում են. «Այսօր մի ռնգեղջյուրի արտաքինով կեղծ էջի օգտատիրոջից սպառնալիք եմ ստացել՝ բա հեսա կտեսնես…: Եթե իսկապես ընդունում ենք, որ մեր ազգի համար սպառնալիք է, եկեք հստակ գրենք, ի՞նչն է մեզ խանգարում: Հակառակը պնդելու դեպքում իմ մոտ տպավորություն է, որ շատ բարձր մակարդակով չկա նման ցանկություն ու հետո կարող է ՀՀ-ում նույնասեռականների ամուսնությանը թույլատրեն: Սեռափոխվածները, նույնասեռականները, վերջերս դեպք եղավ, որ արտասահմանում ամուսնացել են, եկել են մեր երկրում երեխա են ուզում որդեգրել: Եթե իսկապես ընդունում եք, որ մեր երկրում դա չարիք է, եկեք այդ չարիքը կտրենք, Հայաստանը, որպես ավանդապաշտ երկիր, բացառենք նրանց գոյությունը, թող գնան իրանց համար որտեղ ուզում են ամուսնանան»:

ԲՀԿ-ականը դիմեց պատգամավորներին. «Ժողովուրդ, մենք Գերմանիա չենք, Ավստրիա չենք, մենք պատերազմող երկիր ենք: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե Ադամը ում հետ մարդկությունը ստեղծեց, կարո՞ղ է իր նմանի հետ գրկախառնվեց ու մարդկությունը ստեղծվեց, հակաքրիստոնեական է երկու սեռափոխվածների ամուսնությունը: Վեր կանգնենք կուսակցական պատկանելությունից»:

Պատգամավորները տարակուսած էին՝ կնոջ եւ տղամարդու դաշինքն է ընտանիքը, ինչի՞ մասին է խոսքը, Պետրոսյանն էլ հարցրեց՝ սեռափոխված անձը կի՞ն է, թե՞ տղամարդ, նա ոչ կին է, ոչ տղամարդ:

«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը է՞ս է, զագսերի դեմը հավաքվել են նույնասեռականները ասում են՝ տղերք, մեզ ամուսնացրե՞ք, որտե՞ղ եք ապրում դուք: Հստակ Սահմանադրության մեջ գրված է, բերել ասում եք՝ մի հատ էլ օրենքով գրենք:

Գեւորգ Պետրոսյանն էլ պատասխանեց. «Այո, էս երկրում հիմա թիվ մեկ խնդիրն է այլասերվածությունները կանխելը, հասկացա՞ք: Մյուս անգամ իմ հետ զրույցում հեգնանք չդնեք, տուժողը ես չեմ լինելու»

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձեց կանխել վեճը: Գաբրիելյանն էլ արձագանքեց, որ չի հեգնում, եթե որոշի նման բան անի՝ հետեւանքների մասին չի վախենա: Նա հարցրեց՝ զագսում անձնագրով են ստուգում՝ սեռը արական է, թե իգական: Անձնագրով երեւո՞ւմ է սեռափոխված է, թե ոչ: Պետական հիմնարկում նրանք չեն կարող ամուսնանալ, զագսը նման լիազորություն չունի:

Պատգամավորներն անցան կատակների, թե ո՞նց են զագսում ստուգելու՝ սեռափոխվա՞ծ է, թե՞ ոչ: Վլադիմիր Վարդանյանը հարցրեց Գեւորգ Պետրոսյանին, օրինակ, դուք ո՞նց եք պատկերացնում, ձեզ զագսում հարցնեն՝ դուք սեռափոխվա՞ծ եք: Պետրոսյանն արձագանքեց՝ ինձ նայողը ո՞նց կարող է նման բան մտածել:

Իմ քայլականները գտնում էին, որ եթե այս տրամաբանությամբ շարժվեն, ինչ Պետրոսյանն է առաջարկում, ուրեմն օրենքով պետք է արգելեն նաեւ մարդկանց ու անշունչ առարկաների ամուսնությունը:

Քննարկումն անցավ զավեշտներով ու հումորներով լի, մանրամասները՝ շուտով

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930