ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո զրույցում` խոսելով մանկության եւ պատանեկության տարիների մասին, ասաց, որ երկչոտ, լավ սովորող երեխա է եղել, իր ձեւակերպմամբ, տանը ստացել է իսկական դասական դաստիարակություն: «Ինձ լավ էին նայում որպես երեխա, խորհրդային ժամանակներում բոլորի սոցիալական վիճակը գրեթե նույնն էր, տատիկներիցս մեկը շատ հայտնի հրուշակագործ էր, միշտ համեղ էր թխում, նաեւ միշտ հավելյալ գումար ուներ աշխատավարձից զատ… Այնպես որ, փոքրուց ես տեսած եմ եղել՝ շնորհիվ իմ ծնողների եւ ընտանիքի»,-ասաց Արմեն Աշոտյանը: Նա իրեն համարում է ընթերցանության մշակույթի կրողը եւ ընդգծում է, որ այդ պաշտամունքը մանկուց է ձեւավորվել:
Հիշում է, որ շատ էր կարդում, թեեւ խորհրդային դպրոցում դժվար էր սովորելը, բայց գերազանցիկ էր. «Միշտ ուզում էի լինել առաջինը, հետո դա փոխանցվեց համալսարանում խումբ, խմբից կուրս, այդպիսի կարիերիզմ ունեի եւ այսօր էլ ունեմ»:
Հարցրինք, իսկ որպես քաղաքական գործիչ` իրեն գերազանցիկ համարո՞ւմ է: «Քաղաքականությունը, իր տարբերություն կրթության, համակարգ է, որտեղ չափման միավոր գոյություն չունի, իմ ողջ հարգանքով ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ` պետք է նշեմ, որ այս կամ այն ընտրություններին ստացած ձայների քանակը չի վկայում, թե այս կամ այն քաղաքական գործիչն ավելի որակյալ է, քան մյուսը: Դա եղել է եւ մեր ժամանակ, երբ մենք էինք շատ ձայն ստանում, եւ այսօր առավել եւս»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, նորմալ քաղաքական գործիչ լինելու համար եւ դաստիարակություն է անհրաժեշտ, եւ խելք, եւ խարիզմա, նաեւ հաջողակ լինելն է պարտադիր:
Երբ ակնարկեցինք աշխատավայրում եղած տարատեսակ հուշանվերները, այդ թվում՝ հրեական խորհրդանիշը, Արմեն Աշոտյանը նշեց. «Ես չեմ կարող ասել, որ շատ բարեպաշտ քրիստոնյա եմ…Սակայն գնալով ավելի շատ եմ հետեւում աստվածաշնչյան «Ոսկե կանոնին», երիտասարդ տարիքում ես էլ էի անզուսպ, ամբարտավան, անպատեհ ցինիկ…Հիմա պատեհ ցինիկ եմ…(ժպտում է-Գ.Հ)»: Նա ցուցադրեց իր բոլոր հուշանվերները, որոնց մի մասն իր ձեւակերպմամբ, քաղաքական է` ստացած «Եդինայա Ռոսիայից», գերմանացիներից, հույներից ու հրեա ընկերներից:
Ինչ վերաբերում է ազատությանը, ասում է՝ ազատական է մտածելակերպով, բայց սանձարձակ չէ. «Ազատությունն ալկոհոլի նման բան է, այն պետք է պատասխանատվությամբ վայելես եւ չափի զգացողություն ունենաս, որովհետեւ երբ չարաշահում ես, նախ դա քո անձի համար է վնասակար, նաեւ շրջապատի համար…»:
Համառությանն էլ անդրադարձ եղավ: «Ես ընկրկող չեմ, վերջին 1,5 տարվա պայքարը ցույց տվեց, որ մենք հարված պահող ենք եւ հարված հասցնող…Այո, ես ինձ համարում եմ կիրթ, մշակութային առումով բավարար արժեհամակարգ ունեցող մարդ, բայց այլեւս չեմ խորշում նաեւ այսպես ասած` խառը կռվից, ցավոք սրտի, քաղաքականությունը Հայաստանում իջեցվել է այն մակարդակի, ոչ միայն որակի տեսանկյունից, այլեւ գործելաոճի, որ հնարավոր չէ այլեւս սպիտակ օձիքով դուրս գալ ռինգ եւ մաքուր մնալ…Դու չես կարող հանդուրժել, որ քեզ խփեն մեկ անգամ, երկրորդ անգամ, ստիպված թեւերդ քշտում ես ու մի քանի սիլլա էլ դու ես հասցնում, որովհետեւ մարդկանց մի տեսակ կա, որ հաբռգելու հատկություն ունի, չարաշահում են բարեկրթությունը…Իմիջիայլոց, որքան մարդն անկիրթ է եւ անդաստիարակ, այնքան ագրեսիվ է եւ սա նաեւ մտավորականության խնդիրն է, լինի պալատական, թե ոչ պալատական…Ընդ որում, մտավորականությունն ինձ համար ավելին է, քան մշակութային գործիչը»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:
Իսկ քաղաքական գործիչը կարո՞ղ է լինել մտավորական: «Այո, ունեցել ենք այդպիսի գործիչներ, ինձ համար նման բացառիկ մարդ էր լուսահոգի Վահան Հովհաննիսյանը, ես հատկապես երիտասարդ տարիներին իրենից սովորելու շատ բան եմ ունեցել»,-ասաց մեր զրուցակիցը:
Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք` ընկեր Վահանն իր` դալաններում ծեծելու հայտնի արտահայտությունն այսօր կանե՞ր: «Մեզ այլեւս ոչ… Այսօր ծեծելու այնքան շատ մարդ կա… Ի դեպ, ժամանակին Ազգային ժողովում շատ էինք բանավիճում, բայց ջերմ հարաբերություններ ունեինք, երբ զանգում էր, ասում էր` նաչալնիկ…Ես շատ եմ շփվել իր հետ, խմել ենք միասին…Իրեն տեսել եմ նաեւ մահից երեւի մեկ ամիս առաջ…Գերմանիա այց ունեի որպես կրթության նախարար, տեղեկացա, որ ուզում է տեսնել ինձ…Երբ ինքը մտավ ներս, շատ նիհարած էր, ես չդիմացա ու շուռ տվեցի դեմքս, որովհետեւ աչքերս լցվեցին, ինքը բարեւի փոխարեն` ասաց շրջվի, նայի, ես եմ, նայի, քանի չեմ մեռել…
Սեւ հումոր ուներ: Ասաց, Արմեն գնում եմ…Ասացի մեռնելու իրավունք չունես, որովհետեւ խոստում ես տվել ու չես կատարել :Հարցրեց` ի՞նչ խոստում, կատակեցի. «ինձ ու Հրայրին դալաններում ծեծելու»…Ցավոք, այսպիսի գործիչների պակասը Հայաստանում ավելի քան տեսանելի է»:
ՀՀԿ փոխնախագահն ասում է, որ օրվա քաղաքական պայքարի մեջ բոլորը շատ բան են կորցնում, բայց ինքը փորձում է գոնե գծեր չանցնել, եթե չեն դիպչում իրեն եւ հարազատներին. «Ցավոք սրտի, այսօր բազմաթիվ տաբուներ են կոտրվել: Երբ գալիս էին մեր տան մոտ ու գոռում էին ս*****ր, սեւ ժապավեններով, դագաղներով եւ այլն, երբ տանն էին երեխաներս, կինս… սա ուրիշ բան է…Մի անգամ էլ եմ ասել` ես Նիկոլ Փաշինյանին քաղաքական իմաստով կարող եմ ներել, անձնական իմաստով` երբեք…Եվ սա վատ է իր համար, վատ է ինձ համար, վատ է Հայաստանի համար, որովհետեւ մեծ վտանգ կա, որ հաջորդ իշխանությունը, չստացվի մենք, ինչ-որ մի հաջորդ իշխանություն, ունակ չի լինելու գիծ քաշել այս վակխանալիայի տակ, որ տեղի է ունենում Հայաստանում: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքն առաջացնելու է հսկայական ավերածություն երկրում»:
Արմեն Աշոտյանն իրեն հաջողակ է համարում. «Փառք եմ տալիս Աստծուն, որ կամ, ունեմ ծնողներ, ընտանիք, երեխաներ, ընկերներ, շատ բաներ եմ արել, բայց ինքնագովազդով չեմ զբաղվել, մինչդեռ հիմա մարդիկ իմ արածի 10 տոկոսն էլ չեն արել, բայց այնպիսի PR են անում, որ չճանաչեի, կսիրահարվեի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով: