Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արաքս Դիլանյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ. Արամ Հարությունյանին կաշառք տալուն օժանդակելու գործով նիստը հետաձգվեց

Նոյեմբեր 07,2019 17:58

Նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արմեն Վարդապետյան) տեղի ունեցավ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող անձանց գործով դատական նիստը:

Նիստը դեռ նոր էր մեկնարկել, երբ վատացավ ամբաստանյալ Արաքս Դիլանյանի ինքնազգացողությունը, ստիպված եղան շտապօգնություն կանչել: Նախագահող դատավորը որոշեց նիստը հետաձգել:

Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հունան Բաբայանն ասաց, որ հաջորդ նիստի հետ կապված լրացուցիչ կծանուցեն:

Հիշեցնենք՝ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է՝ 2008 թվականին Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, որպեսզի կարողանա 10 հանքավայրերում ուսումնասիրություններ կատարելու թույլտվության լիցենզիա ստանալ, իսկ մեկ տարի անց՝ թույլտվություն ստանալ 25 տարի ժամկետով այդ հանքերը շահագործելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի՝ կաշառք ստանալու հարցում Արամ Հարությունյանին օժանդակել են նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը, Արաքս Դիլանյանն ու այլ անձինք: Վիկտոր Մարտիրոսյանն ու Արաքս Դիլանյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Հունան Բաբայանին հիշեցրինք՝ Սիլվա Համբարձումյանը դատարանի դահլիճում ցուցմունք էր տվել, որ իր և Արամ Հարությունյանի հանդիպումներին գրեթե միշտ ներկա է եղել գործով ամբաստանյալ Վիկտոր Մարտիրոսյանը, և երբ ինքը կաշկանդվել է նրա ներկայությամբ խոսել կաշառք տալու մասին, Արամ Հարությունյանն ասել է, թե Մարտիրոսյանն իրեն մտերիմ անձ է, կարող է հանգիստ լինել:

Մեզ հետ զրույցում Հունան Բաբայանն այս առիթով ասաց. «Այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ավելի ուշ փուլում այդ մասին մենք կհայտարարեք, ցուցմունք կտանք»:

Մեր մյուս հարցին՝ գործով նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են, Հունան Բաբայանը պատասխանեց. «Այս պահին դեռ ապացույցներն են հետազոտվում, սուտ կլինի ասել, որ կա նոր հանգամանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930