Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական հայտնի բրենդի ներկայացուցիչը պատմում է, թե ինչպես է Ծառուկյանն իրեն համոզել Վրաստանից բիզնեսը բերել Հայաստան

Նոյեմբեր 07,2019 17:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է իտալական կերամիկական սպասքի գործարանի բացմանը: Գործարանը հիմնվել է «Չերամիզիա»՝ «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի» հետ համատեղ:

«Չէի մտածի, որ կերամիկայի գործարան կբացեի Հայաստանում: Մենք մեծ աշխատանք էինք տարել Վրաստանում, նախագիծ էինք պատրաստել, արդեն պատրաստվում էինք բացել գործարանը, եւ մեկ էլ պարոն Ծառուկյանը հունվարին ինձ ասաց՝ ինչո՞ւ ես Վրաստանում անում այդ աշխատանքը, Հայաստանում ավելի լավ եղանակ է, ավելի գեղեցիկ լեռներ ունենք, ինչո՞ւ չես ցանկանում նույնն անել Հայաստանում: 4 ամսում մենք համաձայնության եկանք, կազմեցինք մեր նպատակն ու պայմանավորվեցինք բացել այս գործարանը»,-իր ելույթում ասաց իտալական հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Նա ասաց, որ գործարանի ղեկավար կազմը Իտալիայից է, աշխատակիցները վերապատրաստվել են Իտալիայում:

«Բնականաբար, այս ամենում որոշիչ դեր է ունեցել հեղափոխությունն ու Փաշինյանի հրավերը, առանց դրա հնարավոր չէր լինի: Իմ կարծիքով՝ այս նոր Հայաստանը շատ մեծ ապագա է ունենալու: Այսօրվանից կարող ենք ասել՝ «Չերամիզիան» գոյություն ունի Հայաստանում: Մենք 30 մլն եվրոյի ներդրում ենք կատարել, պատրաստ ենք ավելին ներդնել: 2020 թվականի փետրվարին աշխատակիցների թիվը պետք է հասցնենք 300-ի: Այսօր աշխատակիցներ գտնելու դժվարություն ունենք, բայց վստահությունը չենք կորցնում: Ես մաղթում եմ եկող տարի հանդիպենք գործարանի տարեդարձին ե՛ւ պարոն Փաշինյանի հետ, ե՛ւ մեր ավագ եղբայր Ծառուկյանի հետ՝ փաստելու, որ այս ամենը ճիշտ ուղու վրա է»,-ասաց Պոլիդորին:

«Արտադրված է Հայաստանում, ձեւավորված՝ Իտալիայում». Հայ-իտալական արտադրության մակնշում է լինելու: «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանն էլ ասաց, որ 300-500 աշխատակիցներ որակավորվում են իտալական գործարանում, մյուս տարի 1000-ից ավելի աշխատեղեր կբացեն: Ըստ Առուստամյանի՝ իրացման շուկան ԱՄՆ-ն եւ Եվրոպան են լինելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930