Լրահոս
Օրվա լրահոսը

Կընդլայնվի խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Նոյեմբեր 07,2019 17:32

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կավելացվեն հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում այգիների հիմնման համար սահմանված սահմանաչափերը, 0.5-10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների պետական աջակցության չափը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ: Մասնավորապես, տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն (վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ) 0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու համար (գործող ծրագրով՝ 0.5 – 10 հա) և բոլոր 0.5 – 10 հա-ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով (գործող ծրագրով՝ 0.5 – 5 հա խաղողի այգու, 0.5 – 3 հա ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 տոկոսի չափով): Ծրագրին ավելի լայն շահառուների շրջանակի մասնակցությունը կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, կավելանան այգիների տարածքները, հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ այն կնպաստի ծրագրից օգտվելու հնարավորությունների մեծացմանը. «Քննարկումների արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ վիճակագրությունը՝ եկանք այս որոշման. վարկերից օգտվելու այդ հնարավորությունը մեծացնում ենք 10 անգամ, իսկ ծախսերի փոխհատուցման հետ կապված՝ 2-3 անգամ»:

Միջազգային համագործակցություն. կբարելավվի Հայաստանի ճանապարհների անվտանգությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսքը 4,2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրն է: Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը: Նախատեսվում են Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով, ինչպես նաև վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության իրազեկում և ուսուցում: Միջոցները կուղղվեն նաև ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը, ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։ Արդյունքում, մասնավորապես, կբարելավվի առնվազն 30 վտանգավոր կետ, մոտ 20 տոկոսով կնվազի մահվան ելքով ճանապարհային վթարների թիվը:

Կբարելավվեն 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արարատի մարզի Մասիսի N 5,, Երևանի Գ. Զոհրապի անվան N 97, Երևանի N 195, Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան, Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17, Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցներին և Սարդարապատի, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցներին ամրացված շենք-շինությունների վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար: Արդյունքում՝ կբարելավվեն թվով 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ լուծելով հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մասնաշենքերի հարկերի, տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգումը, ջեռուցման համակարգերի վերակառուցումը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գերատեսչության պայմանների բարելավման, «Ուսուցչի օրվա» առթիվ ուսուցիչներին խրախուսման նպատակով: Մասնավորապես, 21898.8 հազար ՀՀ դրամ կուղղվի «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին պարգևատրում» միջոցառմանը: Համակարգիչներ կտրամադրվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 77 մանկավարժներին:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչային նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 14-ից, իսկ զորակոչը՝ դեկտեմբերի 16-ից: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով որոշմամբ կսահմանվի նաև զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը: Վերջինս այս տարի նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Նոր փրոջեկտս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 152 մլն դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի հիմնական մասը կիրացվի Հայաստանում և ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:

Կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930