Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշումը կնպաստի հանրապետությունում գործազրկության մակարդակի նվազեցմանը, կայուն զբաղվածության ապահովմանը: Մասնավորապես, առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կիրառել լրացուցիչ 1000 ընտանիքների համար, նրանց ընտրելով նպաստառու՝ անասնապահությամբ զբաղվող 29100 ընտանիքներից: Ընտրված ընտանիքները կստանան անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն, անասնակեր և մշտական խորհրդատվություն: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Փոփոխության արդյունքում կապահովվի՝ ծրագրում ընդգրկվելու պարագայում նպաստի իրավունքի պահպանման դրույթը:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: «Սա շատ կարևոր ծրագիր է: Ընդհանրապես, սա պետք է լինի աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունը և կա, որովհետև մենք ասում ենք և շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ աղքատության հաղթահարման առաջնային գործիք պետք է համարել կրթությունը. «Ինչպես ընդունված է ասել՝ կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում տալիս է մրցունակություն: Սակայն պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ: Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության առաջնահերթությունը»:
Վարչապետը կարևորել է նաև մասշտաբային այս ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների բացառումը և նշել, որ վերահսկողություն իրականացնող, իրավապահ մարմիններն այդ հարցը պետք է պահեն ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծրագրի իրականացման համար տրամադրվող միջոցներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ծրագիրը մենք իրականացնում ենք սոցիալական նպաստի հոդվածներով ունեցած խնայողությունների արդյունքում: Ո՞նց են այդ խնայողությունները գոյացել: Գոյացել են հետևյալ կերպ՝ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Բոլորի համար հստակ ուղերձ են հղվել և բոլորին պարզ է եղել, որ կեղծ նպաստառուներով փողեր հանելու և յուրացնելու պրակտիկան ամենակոշտ և չոր հակազդեցության է արժանանալու: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարի գործունեության արդյունքում շատ հստակ վերահսկողական մեխանիզմներ են սահմանվել և այս տարի, կես տարվա արդյունքներով արդեն 2.7 մլրդ տնտեսում ունենք: Այս գումարի մի մասն, այն գումարն էր, որ բացահայտված մեխանիզմներով պտտվում և դուրս էին գալիս կոնկրետ պաշտոնյաների գրպանները, որոնց մի մասը հետախուզման մեջ են կամ հայտնաբերվել են: Երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, ապա այդ պայքարը բերում է այս արդյունքներին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք այդ չգողացված փողերով Հայաստանի Հանրապետության 1000 ընտանիքի համար այս հնարավորությունը ստեղծենք»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ