Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ստատուս քվո». Արշակ Սադոյանի վրդովմունքը եւ Արցախի հարցի շուրջ Վազգեն Մանուկյանի պարզաբանումը

Նոյեմբեր 07,2019 17:07

«Մամուլում մեղադրանքներ եղան, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը: Անկեղծ ասած՝ քիչ բան կա, որ ՀԽ-ն կարող է քննարկել Արցախի հարցի մասին»,-ՀՀ Հանրային խորհրդի այսօրվա նիստում հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային փուլին, Վազգեն Մանուկյանն ընդգծեց՝ Արցախի եւ ՀՀ-ի ժողովուրդները լիազորել են իրենց ղեկավարներին՝ բանակցելու եւ գտնելու մի լուծում, որը կքննարկվի հանրության կողմից. «Բայց մի սահմանափակում դրվեց: Ըստ ՀՀ ԱԺ համապատասխան փաստաթղթի՝ ընդունելի չէ այն փաստաթուղթը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Մենք մեր ղեկավարներին ուղարկելով բանակցությունների՝ դրել ենք այդ պայմանը»:

Վազգեն Մանուկյանը փաստեց, որ բանակցությունների ժամանակ առաջարկված տարբերակների մի մասը հայտնի է, մյուսը՝ ոչ. «Բայց դա մեր գործը չէ, մենք պահանջում ենք մեր ղեկավարներին քննարկել որեւէ լուծման տարբերակ եւ այն ներկայացնել ժողովրդին, որը պետք է քննարկել: Անշնորհակալ է եւ վնասակար, եթե մենք հիմա քննարկենք, թե ինչ տարբերակ պետք է առաջարկել»:

Հիմա, ըստ Վազգեն Մանուկյանի, բանակցություններում անորոշություն է, որովհետեւ հայտնի չէ, թե որն է տեսլականը. «Ճիշտ կլինի, եթե վարչապետի հետ ՀԽ փակ նիստ լինի, նա իր կարծիքները ներկայացնի»:

Ինչ վերաբերում է «Արցախը Հայաստան է» կամ «Արցախը ՀՀ մարզ է» բնորոշումներին, Վազգեն Մանուկյանը նկատեց՝ եթե Արցախն անկախ պետություն է եւ ուզում է միավորվել ՀՀ-ի հետ, նախաձեռնությունը պետք է լինի Արցախի կողմից. «Նորից չասեմ, թե ինչ հետեւանքների դա կարող է բերել»: Ապա Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ Արցախի հարցի շրջանակն այսքանն էր, եւ այսօրվա նիստում Արցախի հարցը չեն քննարկելու:

ՀԽ անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց. «Մենք կարծիք չենք ասելո՞ւ»: «Ոչ»,-պատասխանեց Մանուկյանը:

Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀԽ-ն ունի չկատարված հանձնարարություն, որը ՀԽ-ի հետ հանդիպման ժամանակ տրվել է վարչապետի կողմից՝ պարզել հանրության շրջանում Արցախի հարցի շուրջ հանրային ընկալումը՝ «ստատուս քվոն»:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը վրդովված ընդհատեց. «ի՞նչ ստատուս քվո: Բազմակարծիք հանրության մեջ ի՞նչ ստատուս քվո կարող է լինել»:

Վազգեն Մանուկյանը դիմեց ՀԽ անդամներին՝ «եթե Սաֆարյանի ասածը հասկանալի էր, անցնենք առաջ»: «Ո՜չ»,-լսվեց դահլիճից:

Իրավիճակում պարզություն մտցրեց ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ ասելով, որ Ստյոպա Սաֆարյանն ուզում էր ասել ոչ թե «ստատուս քվո», այլ՝ «կոնսենսուս»: Սաֆարյանը համաձայնեց, որ խոսքում վրիպել է:

Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Հաշվի առեք նաեւ պարոն Սաֆարյանի ասածը, եւ այսքանով ավարտենք, մենք հիմա քննարկում չենք անում»:

Մանուկյանի խոսքով՝ ՀԽ այսօրվա նիստում Արցախի վերաբերյալ սահմանափակվելու են այսքանով, իսկ այլ քննարկումները՝ առաջիկայում:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/715731462245338/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930