Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսում է լուծել մանկատան 300 շրջանավարտի բնակարանային խնդիրը

Նոյեմբեր 07,2019 17:01

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է լուծել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրը. բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան շուրջ 300 շրջանավարտի: Նրանց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը համակարգված չի եղել և կրել է դրվագային բնույթ. մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից:

«Այդ նպատակի համար, ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ է 1,9 մլրդ դրամ։ Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն ՀՀ տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ»,- ասել է նախարարը:

Բացի այդ, որոշմամբ հաստատվող ծրագրի շահառուները հոգեբանական աջակցության, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույն ապահովել իրենց զբաղվածությունը: Նախատեսվում է նաև բարելավել կազմակերպություններում բնակվող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունների մակարդակը և հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրման գործընթացը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի բազմաթիվ բնակարավայրերում այդ գումարով հնարավոր է բնակարան գնել. «Բայց եթե մարդն աշխատել է, ունի միջոցներ և ցանկություն, ապա կարող է ձեռք բերել ավելի թանկարժեք բնակարան»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդիրը կառավարությունը լուծում է հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում խնայված, գոյացած միջոցների հաշվին:

Վարչապետը նշել է նաև, որ նման որոշումները ռազմավարական առումով հայեցակարգային խնդիր ունեն. «Ես կնախընտրեի, որ այս 1,9 միլիարդն ժամանակին ծախսված լիներ նրանց կրթության վրա, որպեսզի հիմա նրանք որևէ մեկի կարիքը չունենային և այսօր, օրինակ՝ IT ոլորտում 100 տոկոսով երաշխավորված աշխատանք ունենային, վարձով ապրեին՝ 6 ամիս, մեկ տարի և իրենց վաստակած աշխատանքով հիպոթեկային վարկ վերցնեին և իրենց համար բնակարան գնեին: Այսօր մենք այդպիսի վերաբերմունք, ցավոք սրտի, չենք կարող ունենալ, որովհետև 20 տարի առաջ՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ պատճառով, այս քաղաքականությունը չի վարվել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մանկատան երեխաների նկատմամբ պետության ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթություն տալը, որպեսզի նրանք կարողանան հասուն տարիքում իրենց բարեկեցությունն ապահովել արժանապատիվ, ազնիվ աշխատանքով՝ չունենալով որևէ մեկի գթասրտության անհրաժեշտությունը: «Պետք է ռազմավարական հստակ մոտեցումներ ունենանք, այսօր ստեղծենք պայմաններ, որպեսզի 20 տարի հետո մանկատնից դուրս եկած երեխաները կառավարության մոտ հացադուլ անելու անհրաժեշտություն չունենան»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է նաև, որ տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են:

«Իհարկե, քննադատությունները շատ ուշադիր պետք է լսել, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել: Նույնիսկ եթե նախկին չափանիշներին համապատասխան տեղի է ունեցել բարեխիղճ խնամք, այդ չափանիշները մեզ ձեռնտու չեն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, տարեցները պետք է խնամվեն, որովհետև պետությունն է նրանց պատասխանատուն, ժամանակակից ամենաբարձր ստանդարտներով: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այսօրվա մեր միջոցներով, ճիշտ կազմակերպելու դեպքում, այդ ստանդարտները կարելի է շատ արագ, էականորեն բարձրացնել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ խնայվել՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Իսկ նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները, ինչո՞ւ չեն ծառայացվել այս նպատակներին, ինչո՞ւ այդ երեխաների համար մինչև հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրենց աշխատանքով իրենց աղքատությունը հաղթահարեն. որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել: Եվ այս քաղաքականությունն իրականացրած մարդիկ, օգտվելով Հայաստանի ժողովրդավարությունից և այլ, ուզում են ինչ-որ բան անեն, խոսում են, բարձրաձայնում են: Լավ են անում՝ սահմանադրական իրավունք է: Թող բոլորը հիշեն, որ ոչ մի բան չի մոռացվելու և ոչինչ չի մոռացվել: Ամեն ինչի համար, իր ժամանակին պատասխանը գալու է: Այս երեխաների ճակատագրերի համար պետք է լինեն պատասխանատուներ: Կլինի քրեական , վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է: Սա է ամենակարևոր արձանագրումը»:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930