Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական ենթամշակույթը կրողների մասին նախագիծը՝ ԱԺ-ում. Բադասյանին առաջարկում են գողական աշխարհի մարդկանց հետ քննարկել որոշ դրույթներ

Նոյեմբեր 07,2019 16:47

ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեցին «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գործող օրենքում որեւէ գործուն ընթացակարգ չկա տուժողների եւ իրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար, ներման խնդրագրի քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը լսելի կարող է չլինել. «Կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որ տուժողը նույնիսկ դատապարտյալին ներում շնորհելուց հետո էլ չիմանա նրա ներման մասին»:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկել է Նաիրա Զոհրաբյանին նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ կառավարությունը նման նախագիծ արդեն մշակում է, նա էլ համաձայնել է:

Հանձնաժողովի նիստում նաեւ քննարկվեց կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Սա այն նախագիծն է, որով քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների համար նոր կարգավորումներ են սահմանվում, քրեական աշխարհին հարելը քրեականացվում է:

Նախագծում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, նրանց նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի արարքների համար, որոնք կատարվում են այնպիսի անձանց կամ խմբերի կողմից, ում համար հանցագործություն կատարելը արհեստ է: Նախարարն ասաց, որ քրեական ենթամշակույթ կրողները նպաստում են մեր երկրում հանցագործությունների աճին, հանցագործությունների մեջ ներգրավում են անչափահասների, ուստի նախագծերի փաթեթով խնդիր է դրվում հասարակության համար կարեւոր այս հարցով քրեական պատասխանատվություն նախատեսել: Նախարարն ասաց, որ հատկապես քրեակատարողական հիմնարկներում մոլախաղերի միջոցով դրամական միջոցների հավաքագրումը, քրեական տարրերի միջոցով այդ գումարների տնօրինումը պատժելի է, այն կալանավորներին վատ վիճակի մեջ է դնում:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Քրեակատարողական հիմնարկներում ոչ մեկի համար գաղտնիք չի, որ զոն նայողներ կան, խցերը նայողներ կան ու այս օրենքը ընդունելուց հետո պետք է իրավապահ մարմինները գնան այդ մարդկանց բռնեն: Եթե մարդը օրենքով գող է, խուցը նայող է, կամ ՔԿՀ-ն է նայում, այս օրենքն ընդունելուց հետո հաջորդ օրը պետք է քրգործեր հարուցվեն, գնան այդ մարդկանց բռնեն, որովհետեւ, ոնց հասկանում եմ, քրեական աստիճանակարգություն ունեցող մարդ ասելով՝ նրանց նկատի ունեք»:

Բադասյանը պատասխանեց. «Դուք նշում եք, որ իրավապահը պետք է ուղղակի գնա ու բռնի: Այդպես չի, մի քանի կարեւոր բան պետք է ավելացվի, որը բավական դժվար է ապացուցելը, ենթադրվում է քննչական-հետախուզական բավական բարդ աշխատանք: Նախ պիտի ապացուցի, որ գոյություն ունի քրեական ենթամշակույթ կրող խմբավորում կամ անձ, հետո տվյալ անձը այդ ենթամշակույթ կրող խմբավորման կանոնների համաձայն հանդիսանում է հեղինակություն, դրա մասին կարող են վկայել շփումները, տարբեր հարցերով այդ մարդկանց դիմեն, այս ամենը պետք է ապացուցվի ու ամենակարեւորը՝ ինչի՞ համար է նա դա անում՝ մոլեխաղեր է կազմակերպում ու օգուտներ ստանում, ինչի՞ համար է անում: Ուղղակի գնալ ու այդ մարդկանց ձերբակալել հնարավոր չի: Հնարավոր է բացառապես շատ բարդ բազմածավալ քննչական – հետախուզական գործողությունների միջոցով»:

Ուշագրավ էր Նիկոլայ Բաղդասարյանի արձագանքը: Նա նախարարին հորդորեց, որ գողական աշխարհի մարդկանց հետ քննարկի որոշ դրույթներ. «Ես երբեք չեմ լսել, որ ինքը՝ օրենքով գողը կազմակերպի ձեր ասած խաղերը: Ինքը հո չի՞ գնում նստում ասում՝բերեք խաղը կազմակերպեք: Հասել ենք էն չափանիշի, որ էդ մարդը կարող է ոչինչ էլ չանի»:

Գողականների մասին քննարկման մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930