«Ես հումորով եմ վերաբերվում, ընդհանրապես, ձեր նշած պատգամավորների գործունեությանն ԱԺ-ում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`արձագանքելով «Իմ քայլական» պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Մարինա Կարապետյանի`ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցը քննարկելու նախաձեռնությանը:
Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, նրա ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատությունն է: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորաբար, գրել էր որ որեւէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ և անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», և որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»:
Գեւորգ Պետրոսյանը ասում է. «Մարդ մի առաջարկ անելուց առաջ, նախ պետք է հետադարձ հայացք նետի, գնահատի իր աշխատանքի արդյունավետությունը, նոր խոսի մյուսների աշխատանքի մասին»:
Նաիրա Զոհրաբյանն, իբրեւ տվյալ հանձնաժողովի նախագահ, ըստ Գեւորգ Պետրոսյանի, լիարժեք տիրապետում է իր գործառույթներին, դրանք իրականացնում է շատ բարձր մակարդակով. «Եվ ո՞վ է ասել, որ մարդկանց մտքով ինչ ամբարտավանություն եւ այլանդակություն անցնի, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը պարտավոր է դրական վերաբերվել»: Նա հիշեցնում է, որ որեւէ մարդու իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ այլ մարդու իրավունք. «Եթե իրենց թվում է, որ հասարակությունը պարտավոր է իրենց բոլոր նկատառումները հանդուրժել, դա այդպես չէ: Մենք էլ ունենք մեր կարծիքը արժեքային համակարգի մասին, մենք էլ ունենք մեր կարծիքը, ընդհանրապես մարդկային բարոյական գործելակերպի, ապրելաոճի մասին. բա ինչի՞ իրենք հաշվի չեն նստում այդ կարծիքի հետ»:
Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ո՞ր պատգամավորներն են Նաիրա Զոհրաբյանի փոփոխության մասին խոսում. «Որոնց հարցնես, թե ԱԺ-ի գործունեությունը ո՞ր նորմատիվ իրավական ակտով է կարգավորվում, երեւի կմկմալով կպատասխանեն կամ ընդհանրապես չեն պատասխանի: Թող մի հատ իրենք իրենց, որպես պատգամավորի, գործունեության արդյունավետությունը վերլուծեն, նոր անցում կատարեն ուրիշ պատգամավորների աշխատանքը գնահատելու հարցին»:
Արդեն իբրեւ քաղաքացի, ոչ կուսակցական, Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը եւ երկրի ներսում եւ միջազգային հարթակներում ՀՀ-ի հեղինակությունը շատ բարձր է պահում. «Դուք պատկերացնում ե՞նք, ձեր նշած պատգամավորները հանկարծ հայտնվեն միջազգային հարթակում եւ հանկարծ նրանց իրավունք վերապահվի Հայաստանը ներկայացնել… պատկերացնում ե՞ք, ինչ խայտառակություն կբերեն մեր երկրին`իրենց մտածողությամբ, իրենց պահվածքով եւ, ընդհանրապես, իրենց որակով: Թող գնան դրա մասին մտածեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ