Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի սոցիալական աջակցության գործակալության երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար. գործը դատարանում է. ՔԿ

Նոյեմբեր 07,2019 16:39

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին:

2018թ. հուլիսին Արմավիրի մարզի բնակիչներից հաղորդումներ են ստացվել՝ Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գումարներ պահանջելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Արմավիրի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Մինչդատական վարույթյում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության գլխավոր և առաջատար մասնագետները, լիազորված լինելով իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմքով հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, իրենց գործունեության ընթացքում, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, սոցիալական անապահովության նպաստից օգտվող անձանց ու նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ այդպիսի գործողություներ չկատարելու համար, սոցիալական նպաստ ստանալու համար գործակալություն դիմած քաղաքացիներից պահանջել և ստացել են գումարներ:

Մասնավորապես՝ քաղաքացիների ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց 2013 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություն տված անձանց, ապա նրանցից 6-ի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), իսկ առաջատար մասնագետին՝ 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930