Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադամ Ամբրոզի. Խորհուրդ կտայի կազմակերպություններին ունենալ ամոթի պատ, որտեղ կկիսվեն իրենց ձախողումներով եւ կսովորեն դրանցից

Նոյեմբեր 07,2019 15:31

Ի՞նչ պետք է սովորենք եւ ի՞նչ հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին եւ լինենք հաջողակ վաղը: Aravot.am-ի հետ զրույցում այս եւ այլ հարցերին է պատասխանում HR (մարդկային ռեսուրսների կառավարման) փորձագետ Ադամ Ամբրոզին:

«Աշխատանքի ապագան» մի թեմա է, որը հետաքրքրում է աշխարհի բոլոր երկրների թե՛ գործատուներին թե՛ աշխատակիցներին: Պարոն Ամբրոզի, կներկայացնե՞ք համաժողովի կարեւորությունը

-Մարդկային ռեսուրսների համաժողովը շատ կարեւոր իրադարձություն է, այն միավորում է մարդկանց եւ վերստեղծում  է այն հնարավորությունները՝ վերանայելու աշխատանքային ոլորտը, տեխնոլոգիաների դերը ներկա ժամանակաշրջանում: Համաժողովը միավորում է տարբեր մասնագետների, որոնք եկել են  տարբեր երկրներից եւ կրկին հարց  դնում նորարարական տեխնոլոգիաներին վերաբերվելու ոչ թե որպես զուտ գործիքների, այլ փորձելու դրանք կիրառել նոր մոտեցումներով:

Գործընթացը բավականին սթրեսային է, սակայն մենք կիսում ենք այդ ամենը սիրով եւ մեծ հուզմունքով: Համաժողովը ճիշտ է տարածաշրջանային է, այսինքն՝ տեղական մասշտաբով է իրականացվում, բայց մյուս կողմից էլ այն ունի համաշխարհային բնույթ, քանի որ մենք գալիս ենք տարբեր երկրներից եւ գալիս ենք կիսվելու մեր անձնական փորձով եւ գիտելիքներով: Եվ շատ լավ է, որ մենք ունենք հնարավորություն կիսվելու միմյանց հետ եւ փոխելու մարդկանց մտածելակերպը:

Եթե արդեն ծանոթ եք, ի՞նչ խնդիրներ կան հայաստանյան աշխատաշուկայում:  Օրինակ՝ մարդիկ բողոքում են, որ աշխատատեղեր չկան, գործատուներն էլ դժգոհում են, որ չեն կարողանում գտնել որակյալ մասնագետներ:

– Խնդիրը միայն Հայաստանում չէ, այլ՝ ամենուր, եւ ճիշտ է, ես լիովին ծանոթ չեմ հայաստանյան իրավիճակին, բայց որքանով ծանոթացել եմ, կպատասխանեմ, որ բավականին մեծ մարտահրավերներ կան Հայաստանում եւ այդ մարտահրավերը հիմնականում կապված է սերունդների փոփոխությունից, սերունդների միջեւ եղած տարբերությունից, քանի որ երիտասարդ սերունդն այլ կերպ է մտածում նախորդ սերնդի համեմատ, այլ կերպ է վերաբերվում աշխատանքին եւ ունի ուրիշ մոտեցում:

Մյուս խնդիրը մարդակենտրոնությունն է: Մի քանի հայ աշխատակիցների հետ հարցազրույցներ անցկացնելով որոշ խնդիրներ պարզեցի. բոլորը բողոքում են, որ տնօրենները գալիս իրենցից որեւէ հանձնարարություն են պահանջում, կարելի է ասել, առանց հիմքի եւ այդտեղ նկատվում  է հարգանքի, մարդկային վերաբերմունքի պակաս: Նույն գործելաոճը նկատել եմ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Լեհաստանում, Ռումինիայում, Պորտուգալիայում նաեւ Գերմանիայում:

Տարբեր երկրների, որոնք անցել են այս ճանապարհը, պատմությունը վկայում  է, որ պայքարելով տարբեր խնդիրների դեմ, սովորել են իրար հետ համագործակցել եւ այդ համագործակցության մշակույթն է, որ իրավիճակը փոխել է: Նաեւ կարող եմ նշել հայտնի պրոֆեսոր Հոֆերի մշակութային մոդելը, որն առանձնացնում է «կանացի» եւ «տղամարդկային» երկրները. «կանացի» երկրները համարվում են նրանք, որոնց համար հաղթանակը հավասարակշռված մթնոլորտն է, իսկ «տղամարդկային» երկրները, որոնց համար կարեւորը հաղթանակն է:

Հայաստանը ո՞ր երկրների շարքին կդասեք

-Չգիտեմ, բայց, կարծում եմ առավել հարում  է, այսպես ասած, «կանացի» երկրների շարքին: Ավելի նման  է Հոլանդիային եւ Գերմանիային: Երկար ժամանակ չէ, որ այստեղ եղել եմ, բայց սա այն տպավորությունն է, որ կարողացել եմ հասկանալ:

Եվրոպական զարգացած երկրներում ինչպե՞ս է լուծվել սերունդների միջեւ առկա տարբերության խնդիրը

-Ավելի շատ հարցին կմոտենամ բիզնեսի տեսանկյունից, որ ուրիշ տարբերակ չունենք. պետք է անընդհատ նոր ապրանքներ թողարկել, նոր պրոդուկտ ստեղծել եւ մարդկանց ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ ուժ տալ ու վստահությունն էլ մեծացնել: Երիտասարդ սերնդի շրջանում խնդիրները, տարբերություններն այդքան շատ չեն լինում, քանի որ գլոբալացման այս դարաշրջանում, մենք՝ երիտասարդներս ավելի մոտ ենք եւ այդ տարբերությունն այդքան չի զգացվում:

Պարո՛ն Ամբրոզի, Հայաստանի աշխատաշուկայում հաճախ ենք բախվում գենդերային խնդիրների. կառավարությունից սկսած՝ կանանց հազվադեպ են ղեկավար պաշտոնների նշանակում՝ չնայած, որ, մասնագետների կարծիքով, կանայք ոչ պակաս աշխատասեր են, պատասխանատու, շրջահայաց: Ի՞նչ պետք է անել, որ այս խնդիրները հաղթահարվեն:

-Կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք այդպես են մտածում եւ դա փոխել չի լինի: Բայց կան մարդիկ, որոնք ավելի բաց են եւ հնարավորություն են տալիս տարբեր մարդկանց տարբեր մոտեցումների եւ դա կարող  է աշխատել: Բայց հարցին մի փոքր ավելի փիլիսոփայորեն կարող եմ պատասխանել. ո՞վ է սահմանել գենդեր ասվածը աշխատանքի ոլորտում: Եթե խոսենք ավելի կոնկրետ օրինակի մասին, կարող ենք օրինակ բերել այն կազմակերպությունները որոնցում չկան եւ պետք է այնպես անենք, որ ստեղծենք այնպիսի կազմակերպություններ, որ գենդերային անհավասարություն չլինի եւ դա կնպաստի, որ իրավիճակը փոխվի, քանի որ այն մարդիկ, որոնք այդպես են մտածում, իրենք դժվար թե փոխվեն:

Օգտվելով առիթից կցանկանայի քաջալերել բոլորին եւ մարդկանց խորհուրդ տալ լինել ավելի մարդակենտրոն՝ թե՛ հաճախորդների նկատմամբ, թե՛ աշխատողների նկատմամբ եւ մարդուն միշտ ունենալ կենտրոնում, քանի որ մարդիկ միշտ իրենց գործն անում են լավ, ոչ թե որովհետեւ ստիպված են, այլ, որովհետեւ նրանց համար դա կարեւոր է: Եվ հենց այս մոտեցումն է ընկած արդյունավետ բիզնեսի կենտրոնում:
Խորհուրդ կտայի կազմակերպություններին ունենալ, այսպես ասած,  ամոթի պատ, որտեղ իրենք կկիսվեն իրենց ձախողումներով եւ կընդունեն ձախողումները եւ կսովորեն դրանցից, այլ ոչ թե կխուսափեն, չեն քննարկի դրանք:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեզ

-Կարծում եմ՝ ամենակարեւորը մտածողության փոփոխությունն է, որ պետք է ընդունել: Մարդիկ պետք է լինեն ավելի բաց, սերունդների միջեւ այդ տարբերությունը ոչ թե այն է, որ սերունդներն իրար չեն ընդունում այլ, որ հիմնականում նրանք իրար պարզապես չեն հասկանում եւ, երբ որեւէ մեկն ինչ-որ բան ասում է, դիմացինը կարող է այլ պատկեր հասկանալ՝ քան այն, ինչ իրականում ասվել էր:

Յուրաքանչյուր գործընթացում կարեւոր է թիմային աշխատանք իրականացնել, միմյանց հետ նստել, քննարկել, փորձել օգտագործել նոր, տարբեր գործիքներ եւ տեսնել՝ արդյոք դա բերում է ինչ-որ լավ բանի, թե՝ ոչ: Շատ կարեւոր է եւ, նույնիսկ, ամենապարզ մոդելն է, քննարկել նաեւ ձախողումները, հասկանալ՝ ինչ կարելի է փոխել, ինչ անել: Սա ընկերությունների համար շատ կարեւոր է: Եվ միշտ լինել կենտրոնացած մարդկային ներուժի, մարդու վրա՝ թե ինչպես մենք կարող ենք բարելավել մարդկանց կյանքը:

Հարցազրույցը՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Հ. Գ. Հիշեցնենք, որ Ադամ Ամբրոզին Հայաստան է ժամանել Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում։ Համաժողովը կազմակերպվել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից, գլխավոր գործընկերը «Գալաքսի» ընկերությունների խումբն է։ Այն հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների կողմից՝ մեկնարկային 30 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով եւ ավելի քան 800,000-ի հասնող բաժանորդների եւ հաճախորդների թվով։ Տարեսկզբին «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարել է «Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի» կառուցման մասին, որը հավակնում է ապագայի աշխատատեղ դառնալ ավելի քան 6000 պրոֆեսիոնալների համար։ Այդ տեսակյունից, կոնֆերանսը խիստ կարեւոր գաղափարական հարթակ է ընկերության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930