«Ես իմ կաշվի վրա զգացի նրա մասնագիտական գիտելիքների խորը պակասը, ենթադրում էի, որ կմերժի: Համոզված եմ, որ չի կարդացել իմ միջնորդության տեքստը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հիշեցնենք, որ դատարանն այսօր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը:
«Մեղադրանք չկա, Գյուլնազ տատի հեքիաթի հետ անգամ չեմ կարող համեմատել»,-Քոչարյանին առաջադրված մեղադրանքին այսպիսի գնահատական տվեց Ռուբեն Սահակյանը: «Սա կարող եմ համեմատել գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի գրած հեքիաթի հետ: Ո՞նց կարող էր նա նման մեղադրանք բաց թողնել: Ճիշտ է, ինքը չի ստորագրել, բայց, վերջապես, ինքն է այս գործի պատասխանատուն»,-նկատի ունենալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց Սահակյանը: Նա հավելեց. «Եթե նա կարող է ամիսների ընթացքում երկու կոչում ստանալ, դրանով ամեն ինչ ասված է: Նա ծառայություններ է մատուցում հանրապետության ղեկավարությանը»:
Առաջադրված մեղադրանքի առնչությամբ Ռուբեն Սահակյանը, դիմելով քննիչներին, ասաց. «Այ…ողորմելիներ որ ասեմ, կոպիտ կլինի…այ եսիմինչեր, դուք քննիչներ եք, դու քննչական խմբի ղեկավա՞ր ես, Հրաչյա Մուշեղյան, բա չգիտե՞ս, որ երբ մարդուն մեղադրում ես ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելու համար, ուրեմն պետք է նման ցուցմունք ունենաս: ՍԴ ութ դատավորից միայն մեկին են հարցաքննել, որն ասել է, թե իր հանդեպ ճնշում չի եղել: Բա ինչո՞ւ եք գրել մեղադրանքում, թե ճնշում է գործադրվել»:
Ռուբեն Սահակյանը նաեւ նշեց, որ առաջիկայում հակված է դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու. «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում եւ ասաց՝ «կարճ կապեք»…եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Նրանց գործը լսի, ոչ թե մարդկանց…դե, նա շատ կատուներ է պահում»: Հավելենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանի որոշումը բողոքարկելու է: Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2597831793644378/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ