«Ես եղել եմ Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, առաջին անգամ, այսօր բանակցություններն ինչպես տարվում են, դետալ առ դետալ, ՀՀ վարչապետն անկեղծ մեզ հաղորդեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Երեկ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի խորհրդարանի պատգամավորներն այսօր ՀՀ խորհրդարանում են եւ հանդիպումներ են ունենում Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների թեման, ինչպես ներկայացրին արցախցի պատգամավորները, հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցությունն է:
Արթուր Թովմասյանից հետաքրքրվել էինք «Զրույց քաղաքացու հետ»` Նիկոլ Փաշինյանի վերջին լայվում, Արցախի մասով վարչապետի հնչեցրած վերջին տեսակետներից: Նա նաեւ խոսել էր հանրաքվեի մասին. «Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իմ խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»:
Կարդացեք նաև
Թե ի՞նչ դետալներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ, մեր զրուցակիցը չմանրամասնեց. «Այն, ինչ, որ բանակցային գործընթացում է: Դետալներ կան, որ… Մենք Ստեփանակերտից ուշադրությամբ հետեւում էինք. գիտեք, բանակցային գործընթացի ամբողջ ծանրությունը զգալու համար, պետք է մեկ անգամ գոնե մասնակցես բանակցային գործընթացին: Հայրենասիրության պակաս չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ. այդ տպավորությունը ես ստացա»: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակցությունների արդյունքում ինչ տարբերակ ինքը գտնի, որ ընդունելի է` կներկայացնի, թե Արցախի հանրապետության, թե ՀՀ քաղաքացիներին:
Արթուր Թովմասյանը հարցի վերաբերյալ կարծիք է ունեցել`ցանկացած փաստաթուղթ, որը չի արտահայտի հայ ժողովրդի շահերն ընդհանրապես եւ Արցախի ժողովրդի շահերը մասնավորապես, մնալու է սեղանին. «Եվ ՀՀ առաջին նախագահը, եւ երկրորդը, եւ երրորդը, եւ այսօրվա վարչապետը չեն կարող միանձնյա լուծել այդ խնդիրը»:
Հետաքրքրվեցինք` հանրաքվե պետք է լինի Արցախում եւ Հայաստանո՞ւմ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Արցախում անպայման պետք է լինի, Հայաստանում`հարցրեք Հայաստանի Հանրապետությանը»:
Մյուս հարցին ի պատասխան` իսկ Ադրբեջանում պե՞տք է հանրաքվե լինի, քանի որ ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է` Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին, Արթուր Թովմասյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի մյուս երկու ուղերձները ևս` ինքը կարող բանակցել Արցախի իշխանության փոխարեն եւ Արցախը Հայաստանն է, եւ վերջ: Նա կարծում է, որ այս ուղերձները հարցը տանում են պատմաիրավական դաշտ, որտեղ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն իր աշխատություններով ապացուցել է. «Արցախը իրականում Հայաստանն է, եւ վերջ»:
Հարցի լուծման ռազմական սցենարն այս փուլում, Արթուր Թովմասյանը բացառում է, քանզի հավատում է Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ բանակցային գործընթացի վերակենդանացման նշույլներ կան: «Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու եւ ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»:
Եթե Մադրիդյան սկզբունքները չեղարկվել են, ապա ի՞նչ սկզբունքներով է բանակցային գործընթացը վերակենդանանալու՝ հարցին ի պատասխան, Արթուր Թովմասյանը հորդորեց նման հարցերն ուղղել ՀՀ իշխանություններին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ