«Արայիկ հեռացիր», «կրթության նախարարը տապալել է կրթությունը»,-այս եւ այլ վանկարկումներով այսօր կառավարության առաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ցույց են անում՝ պահանջելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
‹‹ԿԳ նախարարի տուն գնալու ժամանակն է, մենք եկել ենք նրան տուն ճանապարհենք ››,-ասում էին երիտասարդները: Նրանք ցույցի էին եկել թմբուկներով:
Դաշնակցության երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը հատեց կարմիր գիծը. ‹‹Բոլորս էլ գիտենք, որ կրթության ոլորտում կան խնդիրներ, եւ դրանք գալիս են նախկինից: Փոփոխությունների արդյունքում Արայիկ Հարությունյանը եկավ եւ զբաղեցրեց այդ պաշտոնը եւ այս մեկուկես տարվա ընթացքում, բոլորս էլ տեսնում ենք, որ կրթության ոլորտում փոփոխություններ չեն եղել: Այդ ամենի ֆոնին հանկարծ տեսնում ենք, որ կրթության նախարարն իր ճաշակով, իր արժեհամակարգով ֆիլմերի ֆինանսավորում է տալիս, որոնք, ես, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ չեմ իմ հարկերից վճարել, որպեսզի այդ ֆիլմերը լինեն››:
Կարդացեք նաև
Գոռ Սարգսյանն ասաց, որ խոսքը ոչ միայն «Մելի» նաեւ այլ ֆիլմերի մասին է. «Հարցն այն է, որ մեր կառավարությունը, մեր ԿԳ նախարարությունն ինչ առաջնահերթություններ ունի եւ ինչին են ֆինանսավորում: Այս ամենի ֆոնին, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ որոնք կախված են ֆինանսից, որպեսզի մեր հասարակության կյանքը լավանա, աշակերտների, ուսանողների կյանքը լավանա, ես, անձամբ, չեմ հանդուրժում»:
Ըստ նրա հայոց լեզու, գրականություն առարկաները բուհերից հանելու եւ կամավոր դարձնելու, պատմության դասագիրքն էլ դպրոցներից հանելու ԿԳ նախարարի որոշումը փաստում է, որ նա այլեւս այդ ոլորտում անելիք չունի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ