Նախորդ տարի ԱՀԿ և ՄԱԿ զարգացման ծրագրի միջև գլոբալ գործընկերության միացյալ ծրագրի շրջանակում՝ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ Ներդրումները հիմնավորող փաստարկներ» հետազոտությունը, համաձայն որի ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով ամեն տարի Հայաստանը վնասներ է կրում ՀՆԱ 6,5 տոկոսի չափով և չի ստանում 362 մլրդ դրամի եկամուտներ: Այդ հիվանդություններից վաղաժամ մահանալու ռիսկի հավանականությունը 22% է։
Այս հետազոտությունը անհրաժեշտ հիմք է տալիս պնդելու, որ միջոցների ծախսը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար ավելի քան հիմնավորված է և տնտեսապես շահավետ։ Հետազոտության համար տնտեսությանը հասցվող վնասի ծավալները գնահատվել են ուղղակի և անուղղակի ծախսերի հիման վրա: Ուղղակի ծախսերից են ոչ վարակիչ հիվանդությունների բուժման հետ կապված պետական առողջապահական ծախսերը: Անուղղակի ծախսերը ներառում են հաշմանդամության նպաստները, ժամանակավոր անաշխատունակության հետ կապված վնասները, աշխատավայրում ցածր արտադրողականությամբ աշխատելու հետևանքով կրած վնասները, ինչպես նաև աշխատունակ տարիքի անձանց վաղաժամ մահվան հետևանքով առաջացած տնտեսական վնասները: Հարկ է նշել, որ ուղղակի ծախսերի մեջ չեն ներառվել մասնավոր /գրպանից/ վճարումները, երրորդ կողմ հանդիսացող ապահովագրողների ծախսերը և ոչ առողջապահական ծախսերը:
Նշենք, որ ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի, շաքարային դիաբետի և շնչառական քրոնիկ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը հենց ծխախոտն է։ Ի դեպ, հետազոտության համաձայն, հակածխախոտային միջոցառումների իրականացումն ունի ամենաբարձր ներդրումների շահութաբերության գործակից. ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց ակնկալվում է ստանալ 4.79 դրամ՝ հնգամյա ժամկետում և 14.51 դրամ՝ 15 տարվա ընթացքում:Հակածխախոտային միջոցառումների շնորհիվ մենք կունենանք 3 331 կանխված կաթված, 3 638 կանխված սրտի իշեմիկ հիվանդություն, 7 293 կանխված մահ և 36 352 առողջ կյանքի տարիների ավելացում։ Հակածխախոտային միջոցառումների փաթեթի իրականացման ծախսերը 5 տարվա կտրվածքով կկազմեն 1.36 մլրդ դրամ, արտադրողականության ավելացումը՝ 6.5 մլրդ. դրամ, իսկ ներդրման շահութաբերությունը կկազմի 4.79 մլրդ. դրամ։ 15 տարվա կտրվածքով այդ թվերը համապատասխանաբար կլինեն՝ 2.79, 40.43 և 14.51 մլրդ դրամ։
Զեկույցում նշվում է, որ ծխախոտի հարկը Հայաստանում կազմում է մանրածախ գնի 35 %-ը և շատ ավելի ցածր է ԱՀԿ առաջարկվող հարկադրույքի չափից, այն է՝ մանրածախ գնի 75 %-ը:«Թեև Հայաստանն արտադրում է ալկոհոլային ըմպելիքներ և թութուն, արտադրանքի մեծ մասը վաճառքի համար արտահանվում է արտաքին շուկա: Քանի որ բարձրացված հարկային դրույքաչափը վերաբերելու է տեղական շուկայում այդ ապրանքների իրացմանը, այլ ոչ թե արտահանումներին, հարկի դրույքաչափի բարձրացումը չի վնասի արտադրողներին: Առողջապահության նախարարությունը կարող է ֆինանսների նախարարության հետ համատեղ ստեղծել ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների հարկերի բարձրացման համար նպաստավոր միջավայր/պայմաններ` այդ թվում` վերանայելով հարկային համակարգն այնպես, որն ընդգծում է հարկի որևէ կոնկրետ բաղադրիչը», – ասվում է զեկույցում։Ի դեպ, ԱՀԿ՝ ծխախոտային համաճարակի դեմ միջոցառումների MPOWER համալիր փաթեթը խորհուրդ է տալիս կառավարություններին ծխախոտային արտադրանքի հարկերից առաջացած միջոցների մի մասն ուղղել հենց հակածխախոտային միջոցառումների իրականացմանը։Փաստաթղթում նաև նշվում է, որ ծխախոտի դեմ պայքարի համատեղ փաթեթի իրականացումը կնպաստի առաջիկա հինգ տարվա կտրվածքով ծխախոտի օգտագործման ծավալների 42 % նվազեցմանը։ Նշենք, որ Ծխախոտի օգտագործում 2016-2017 թթ ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալները վկայում են, որ ներկայումս ծխում է Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28%-ը, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ընդ որում, ծխում են չափահաս տղամարդկանց կեսից մի փոքր ավելին (52%), իսկ կանանց՝ միայն 2%-ը:
Կարդացեք նաև
Անծուխ ծխախոտի օգտագործման տարածվածության ցուցանիշը ցածր է (<1%):Ըստ Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի ազգային հետազոտության (ԴԵԱՎ) տվյալների` 15-17 տարեկան տղաների շրջանում նկատվում է ծխախոտի օգտագործման ցուցանիշի կտրուկ աճ: Բացի այդ, ծխող դեռահասների շրջանում տարածված է դրական տեսակետ ծխելու օգտակարության վերաբերյալ (օգնում է թուլանալ, կարգավորել մարմնի քաշը, բարձրացնում է տրամադրությունը, խթանում աշխատանքի արտադրողականությունը):Հայաստանում բարձր է նաև երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվողների թիվը: STEPS հարցման տվյալների համաձայն (հարցման պահից սկսած` վերջին մեկ ամսվա ընթացքում)` կանանց 54%-ը և տղամարդկանց 58%-ը նշել են, որ ենթարկվել են ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ կանանց 21%-ը և տղամարդկանց 32%-ը՝ աշխատավայրում։ Անցկացված հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում հղի կանանց ավելի քան 70%-ը ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը: Հիմք ընդունելով Հայաստանում չափահաս ծխողների թվաքանակը՝ (2017թ-ին կազմել է 591 000) Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է, որ ավելի խիստ քաղաքականություն չկիրառելու դեպքում նրանց կեսից ավելին կմահանան վաղաժամ տարիքում: Կանխատեսումների համաձայն` ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված վաղաժամ մահվան դեպքերը կկազմեն 295 500: