ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ընտանիք է հայտնի, որը երբ հատուկ դպրոցից երեխային վերադարձրել են ընտանիք, այնտեղ նրան սեռական շահագործման են ենթարկել: Այս մասին պատգամավորն այսօր իր մտահոգություն-մտավախությունները ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
ՄԻՊ-ն այսօր հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնում էր 2020 թվականի բյուջեով իր ղեկավարած գրասենյակի համար նախատեսված գումարի չափը, իր գրասենյակի`առաջիկա գործունեության ծրագրերը: Պատգամավորներն ու ՄԻՊ-ն անդրադարձան մշտական թեմային`ՄԻՊ գրասենյակի ընդլայնմանը: Հարցեր հնչեցին նաեւ հատուկ եւ գիշերօթիկ դպրոցների փակման, երեխաներին ընտանիքներ վերադարձնելու մասին: Արման Թաթոյանն ասաց, որ մեկ բան հստակ է`հատուկ եւ գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման անհրաժեշտություն կա:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նամակ է ստացել մի ծնողից`մորից, ով դիմելով իրեն ասել է, որ ինքը հրաժարվել է իր հիվանդ երեխայից եւ հայտարարել`«չփորձեք վերադարձնել, եթե վերադարձնեք, կդնեմ տան շքամուտքում»: Նաիրա Զոհրաբյանն իր ուսումնասիրությունների հիման վրա ասաց, որ կան նաեւ ընտանիքներ, որտեղ «ալկոհոլիկ հայր եւ մայր կա եւ եթե անգամ հարյուր հոգեբան աշխատի, ոչ մի օգուտ չի տա»: Պատգամավորը մտավախություն ունի`չստացվի այնպես, որ մենք այս քայլն անում ենք, որպեսզի եվրոպաներում ասենք, թե այդ խնդիրը մեզ մենք լուծել ենք:
Արման Թաթոյանը համամիտ է`պետք է ուշադիր եւ հետեւողական լինեն: Նա ասաց նաեւ, որ երեխաներին փոխանցվում են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների հեռախոսահամարները, որպեսզի նրան հետ մշտական-անհատական կապ ապահովվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ