Վերջին օրերին «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստանամ, որ Տավուշի մարզում շարանակվում են անտառահատումները։ Մասնավորապես օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում, խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։ Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանn ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են։
– Պարոն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները։ Տեղյա՞կ եք այդ մասին։
– Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի՝ ինչպես որ ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ։ Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած՝ անհամադրելի են նախորդ ծավալներին։ Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս։ Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։ 99 տոկոս դեպքերում հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք։ Այսինքն՝ ըստ էության կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել։ Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:
Կարդացեք նաև
– Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ։
– Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են։ Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը։ Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում։ Հիմնականում դա այն փայտանյութն է, որը արդյունահանվում է կամ թափուկի, կամ քամատապալի, կամ հատատեղերից հատված ծառերի տեսքով։ Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր։ Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված է հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք օրինակ հիվանդ ծառ է։ Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով։ Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում