Այն, ինչ վերջին մի քանի ամիսներին տեղի է ունենում արդյունաբերության մեջ՝ բոլորովին էլ տնտեսության տրանսֆորմացիայի օգտին չէ։
Հանքարդյունաբերության տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ գնալով ավելանում է։ Ավելանում են նաև ընդերքի արդյունահանման ծավալները, որքան էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում։ Վերստին աճել է պղնձի արտադրությունը։ Տարեսկզբի ութ ամիսներին աճը գրեթե 8% է։ Կասկած չկա, որ արտադրության ծավալներն առաջիկայում շարունակելու են ավելանալ։ Մեծանալու է նաև հանքարդյունաբերության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև՝ աճի կառուցվածքում։ Ու չնայած մշակող արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ կա՝ այն այլևս չի հասցնում հանքարդյունաբերության հետևից։ Մինչդեռ իշխանափոխությունից առաջ հակառակն էր։
2017թ. Հայաստանում մշակող արդյունաբերությունը շատ ավելի ակտիվ էր աճում, քան հանքարդյունաբերությունը, ինչն իշխանափոխությունից հետո հայտարարվեց՝ որպես երկրի տնտեսության թշնամի։ Կառավարությունն անթաքույց պայքար սկսեց ոլորտի դեմ։ Մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ այդպես չի կարելի։ Հայաստանի տնտեսությունն իրավամբ կառուցվածքային փոփոխությունների լուրջ կարիք ունի։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո, որևէ կապ չունի տնտեսության տրանսֆորմացիայի հետ։
Որպես այդպիսին՝ ՀՀ-ի տնտեսությունը շատ ավելի ինտենսիվ տրանսֆորմացիայի մեջ էր գտնվում մինչև իշխանափոխությունը, քան իշխանափոխությունից հետո։ Որքան էլ կառավարությունն ուզենա ընդունել կամ ոչ, այդ է վկայում պաշտոնական վիճակագրությունը։
Կարդացեք նաև
Իշխանափոխությանը նախորդած տարում մշակող արդյունաբերության աճի տեմպը Հայաստանում շատ ավելի բարձր էր, քան հանքարդյունաբերությանը։ Եթե այս տարվա առաջին 8 ամիսներին այն ավելացել է 10,4 տոկոսով, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում աճը հասնում էր 16,4 տոկոսի։
Աճի տեմպը շատ ավելին էր նաև 2018թ. սկզբին։ Մինչև իշխանափոխություն՝ մշակող արդյունաբերության աճն անցնում էր 21 տոկոսից։ Իշխանափոխությանը հաջորդած երեք ամիսներին այն նվազեց՝ հասնելով 9,3 տոկոսի։
Հանքարդյունաբերությունը որպես երկրի թշնամի հայտարարած քաղաքական իշխանության գործունեության ժամանակահատվածում այսօր ընդերքի շահագործումը թափ է հավաքում։ Ծաղկում է նաև խաղային բիզնեսը։ Աճի տեմպն այս ոլորտում հասնում է 25 տոկոսի։ Շրջանառությունների ծավալով այն գերազանցում է նույնիսկ շինարարությանը։
Հարց՝ մի՞թե այսպես ենք դառնալու տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկիր։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում