Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ տնտեսությունն ընդլայնվում է, իսկ հարկային մուտքերի աճի տեմպը ավելանալու փոխարեն, նվազում է. «168 ժամ»

Նոյեմբեր 07,2019 12:08

Հաջորդ տարի կառավարությունը հարկային եկամուտների ավելացման բավական համեստ ցուցանիշ է դրել պետական բյուջեում։ Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ կանխատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 138 մլրդ դրամով։ Այն դեպքում, երբ 2019թ. սպասելիքը 205 միլիարդ է։

Այսինքն 2020-ին՝ 2019թ. համեմատ, հարկային մուտքերի աճը 67 մլրդ դրամով քիչ կլինի։

Ակնկալվող թեկուզ և 4,9 տոկոս տնտեսական աճի պայմաններում՝ սա իսկապես տարօրինակ է։ Ստացվում է, որ տնտեսությունն ընդլայնվում է, իսկ հարկային մուտքերի աճի տեմպը ավելանալու փոխարեն, նվազում է։ Ճիշտ է, հարկային օրենսդրության փոփոխությունների, մասնավորապես՝ եկամտային հարկային համահարթ դրույքաչափին անցնելու հետևանքով, կառավարության գնահատումներով պետական բյուջեն եկամտային կորուստներ է ունենում, այնուհանդերձ այդ կորուստներն այնպիսին չեն, որ կարող են մուտքերի վրա նման ազդեցություն թողնել։

Խոսքն ընդամենը 9-10 մլրդ դրամի մասին է։ Այնինչ, հաջորդ տարվա համար պլանավորված հարկային եկամուտների աճի տեմպն այս տարվա սպասվողից շատ ավելի ցածր է։

Թե ինչո՞ւ է այդպես, փակագծերը բացել է ՊԵԿ նախագահը։ Բայց որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի՞ ազդեցության մասին է, ընդ որում, նաև այս տարվա բյուջեի մուտքերի բարձր կատարողականի առումով, մի փոքր ավելի հեռվից գանք։

Հավանաբար գիտեք, որ Պետեկամուտների կոմիտեն պատրաստվում է «գերակատարել» այս տարվա հարկային եկամուտների պլանը։ Ինչպես հայտնի է, դեռ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մուտքերը 62 մլրդ դրամով ավելացնելու մասին։ Այն ժամանակ քչերն էին պատկերացնում, թե այդ ինչ հրաշք է տեղի ունեցել տնտեսության մեջ, որ կառավարությունը, տարին չսկսած, խոսում է բյուջեի եկամուտները 62 մլրդ դրամով գերակատարելու մասին։

Ոչինչ, որ խոսքը ոչ այնքան գերակատարման, որքան բյուջեի մուտքերի ճշգրտմանն էր վերաբերում։ Ամեն տարի էլ նման ճշգրտումներ արվում էին՝ կապված տարբեր գործոնների հետ։ Այս անգամ պարզապես կառավարությունը, բյուջեի մուտքերի հավանաբար հեղափոխական աճի տպավորություն ստեղծելու համար, որոշել էր դրա անունը դնել ոչ թե՝ ճշգրտում, այլ՝ գերակատարում։

Հետո, իհարկե, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Կառավարությունը ճշգրտեց բյուջեն, ինչպես սովորաբար արվում էր, և եկամուտները 62 մլրդ դրամով ավելացրեց։

Ճիշտ է, ՊԵԿ-ը դեռ պետք է աշխատի՝ տարեվերջին այդ գումարն ամբողջությամբ ապահովելու համար։ Ինն ամիսների տվյալներով, այսպես կոչված, գերակատարումը 53 միլիարդի սահմաններում է։ Բայց այն կատարելն ըստ էության մեծ ջանքեր չի պահանջի։ Հատկապես որ, ՊԵԿ-ը բյուջեի մուտքերն ապահովելու հազար ու մի միջոցի է տիրապետում։ Թեև այս անգամ գուցե դրա կարիքն էլ չլինի։ Հիմա ՊԵԿ-ը նստած է բյուջե փող լցնելու ասեղի վրա։ Եվ այդ ասեղը դարձել է ավտոմեքենաների ներմուծումը, որն այս տարի աննախադեպ չափերի է հասել։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930