Ռուսաստանում մինչև 2020թ-ը նախատեսվում է ընդունել միջոցառումների փաթեթ՝ արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների խախտումների դեմ պայքարելու համար: Բազմաթիվ վարորդներ կարող են դառնալ հետիոտն, եթե չվճարեն տուգանքները, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ: Օտարերկրյա քաղաքացիների համար կարող են փակել սահմանները, մինչև որ չվճարեն տուգանքները, ասվում է ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժում:
Նշվում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել կենցաղային խարդախությունները Ռուսաստանի ավտոճանապարհներին: Այնուամենայնիվ, տեսախցիկները ֆիքսում են օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների խախտումները, նրանք հայտնվում են այսպես կոչված սև ցուցակում և նման իրավախախտներին բռնելը դառնում է ժամանակի հարց:
«Երբեմն թվում է՝ արտասահմանյան գրանցում ունեցող ավտոմեքենաներն ընդհանրապես արգելակներ չունեն: Սա ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնն է: Այս սրահում մշակում են խախտումները, այդ թվում արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների մասնակցությամբ: Այստեղ կարծես թե խիզախ կա: Արագության գերազանցումը՝ 50կմ/ժամով, շրջանը՝ Հայաստան»,- ասվում է ռեպորտաժում:
Արտասահմանյան պետհամարանիշերով մեքենաները երկար ժամանակ գործնականում ուրվական էին, այսինքն` ճանապարհային տեսախցիկները տեսնում էին նրանց (մեկուկես տարում միայն Մոսկվայում գրանցվել է մոտ 2 միլիոն այդպիսի խախտում), բայց վճարված է տուգանքների միայն 2 տոկոսը:
Կարդացեք նաև
«Մինչ այս պահը այդ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: Կան տրանսպորտային միջոցներ, որոնք մտնում են ԵԱՏՄ տարածքից, այստեղ խնդիր կա մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման հետ: Խնդիրներ կան այն տրանսպորտային միջոցների հետ, որոնք մուտք են գործում մաքսային սահմանից: Արտասահմանյան գրանցում ունեցող տրանսպորտային միջոցների մասին բոլոր տվյալները չէ, որ առկա են պետավտոտեսչության տրամադրության տակ եղած տեղեկատվական համակարգերում»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Դմիտրի Լեյբովը:
ՃՈ աշխատակիցները հավաստիացնում են, որ տեսախցիկները ոչ միայն ֆիքսում են արտասահմանյան պետհամարանիշերով մեքենաները, այլև կազմվում են սև ցուցակներ: Դրանցով ավտոտեսուչները դուրս են գալիս ստուգումների: Խախտումների մասին ծանուցումները փոխանցվում են անձամբ իրավախախտին: Եթե ժամանակին վճարում չի կատարվում՝ հաջորդ անգամ հնարավոր է կանգնեցնեն արդեն ոստիկանության աշխատակիցները, ընդհուպ մինչև ձերբակալեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ