Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պաշտոնապես նվազել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 11 հազար 700-ով։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 969 հազար 200 էր։ Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 11 հազար 700-ով է պակասել։ Նկատենք, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 962 հազար 100, ինչը, փաստորեն, հոկտեմբերի 1-ի դրությամբ պակասել է՝ հասնելով 2 մլն 957 հազար 500։ Այսինքն՝ վեց ամիսների ընթացքում նվազել է 4600-ով։ Սա խիստ մտահոգիչ փաստ է ու թերեւս լուրջ մարտահրավեր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում։
Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2300-ով։ Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 2300 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է, չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տեւական ժամանակ է՝ չի շահագործվում։ Գործարանի փակման հետեւանքով գործազուրկ է դարձել 650 քաղաքացի։ Միայն Արագածոտնի մարզում 2300-ով նվազել է բնակչության թիվը։
Կարդացեք նաև
Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 3300-ով։ Սրան զուգահեռ նկատենք, որ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում։ Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը՝ ոչ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում