Փորձ է արվում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ներկայացնել ներկա եւ նախկին իշխանությունների պայքարի համատեքստում, այսինքն՝ ծածկադմփոց անել այն խայտառակությունները, որ տեղի են ունեցել եւ շարունակում են տեղի ունենալ այս իշխանության օրոք։ Ինքնադրսեւորման այլ ձեւ, քան սեփական անհաջողությունները նախկինների վրա դուրս գրելն է, ՀՀ ներկա իշխանություններն այդպես էլ չսովորեցին, եւ ես վստահ եմ՝ ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն չունեին, այլ որովհետեւ չկարողացան։ Մտավոր կարողությունների հարց էր։
Ամենեւին վստահ չեմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո հայտնվելու է մի փրկիչ, որ կարողանալու է, չասեմ՝ ոտքի կանգնեցնել, գոնե փրկել ոլորտը վերջնական ավերումից։ Նիկոլ Փաշինյանի կադրային բազան լավատեսության հիմքեր չի տալիս, մինչդեռ երեկ, ավելի ստույգ՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին, մենք համոզված էինք, որ ընտրում ենք փրկիչների, որոնք գալիս են երկնքից մանանա իջեցնելու։ Չանցած մեկ տարի՝ պարզվեց, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը կողմ է քվեարկել կախարդական փայտիկին, որ հանգամանքների բերումով հայտնվել էր հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքում։
Այսօր Արայիկ Հարությունյանը Փաշինյանին կանգնեցրել է փաստի առաջ, ինչպես դա արել էր Վայոց ձորի տխրահռչակ մարզպետը, որի հարցերը Փաշինյանը լուծեց շատ արագ։
Ի՞նչ անել Արայիկ Հարությունյանի պարագայում, որին սխալմամբ վստահվել է մի ոլորտ, որ անմիջական կապ ունի ամեն ինչի հետ եւ համարվում է պետության ու պետականության հիմնաշաղախի ցեմենտը։ Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ մտմտում է՝ ազատե՞լ, թե՞ չազատել նրան պաշտոնից, ապա ես խորապես ցավում եմ, որովհետեւ նրան այդ պաշտոնում պահելը նպաստում է կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջի ձեւավորմանը։ Սա այն դեպքը չէ, որ, ինչպես ուժայինների պարագայում արվեց, աղմուկ բարձրացնեն, թե հակահեղափոխության դեմ են պայքարում։ Բացի այդ, Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի կապվում նախկինների հետ եւ, ըստ էության, այն պաշտոնյան է, որ կրում է թավշյա հեղափոխության կնիքը, եւ որի գործողությունների համար անմիջական պատասխանատվություն է կրում հեղափոխության առաջնորդը։
Կարդացեք նաև
Արժե՞ հիշեցնել նրան, որ «նոու-հաու» ոճի մեջ Արայիկ Հարությունյանի բոլոր արկածախնդրությունները վերագրվել են վարչապետին՝ սկսած դպրոցներում կասկածելի միջոցառումներից եւ վերջացրած մետրոյի կայարանում խայտառակ բեմադրությամբ։ Տխմարություն է, չէ, մտածելը, որ Արայիկ Հարությունյանն ինքնագլուխ կերպով 20 միլիոն է հատկացնում աղմկահարույց «Մել» ֆիլմին, 2.7 միլիոն՝ մի սատանայության, որ ներկայացվում է որպես «բարձր» արվեստի հետ առնչվելու փորձ։ Արայիկ Հարությունյանն է կանգնած ոչ մասնագիտական բուհական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները հանելու, դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան արգելելու եւ նմանատիպ այլ ձեռնարկների հետեւում, բայց ո՞վ է այդ դեպքում այն մարդը, որ Արայիկ Հարությունյանին կարգել է ազգային արժեքները (լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, մշակույթը, հավատը) պահող-պահպանող թիվ մեկ պաշտոնյա։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում