Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախյան խնդրի խաղաղ լուծումը մեկ սցենարի առկայության դեպքում է հնարավոր՝  կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից». Սուրեն Սարգսյան. «Փաստ»

Նոյեմբեր 07,2019 11:10

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել:

Հայաստանում հնչեցին մի շարք հայտարարություններ՝ կապված թե՛ պարտավորությունների, թե՛ նաև Արցախյան հարցի վերաբերյալ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ զարգացումներին ու հայտարարություններին։

Սուրեն Սարգսյանի խոսքով, իրականում զսպվածության կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև դրանք անհասցե են արվում։

«Եթե դրանք հստակ ձևակերպվեին, հստակ հասցեատեր ունենային, և եթե միջազգային հանրությունը հստակ մեղադրեր Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա, իհարկե, իրավիճակն այլ կլիներ։ Բայց միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշում հայտնել այս կամ այն միջադեպի, այս կամ այն դեպքի առիթով, ինչն էլ, բնականաբար, բխում է Ադրբեջանի շահերից. Ադրբեջանը ագրեսիվ գործողություն է իրականացնում, իսկ միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը կապված չեն և ցանկացած արկածախնդրության կարող է գնալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ որևէ հանգամանք չկա, որը կարող է ստիպել միջազգային հանրությանը այս կամ այն կերպ գնահատել իրավիճակը։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հակամարտության հարցում դինամիկա կա, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։

«Տեսանելի հատվածում կարելի է տարբեր վերլուծություններ անել եղած տեղեկատվության հիման վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե բանակցային սեղանի շուրջ կոնկրետ ի՞նչ գաղափարների, ի՞նչ մոտեցումների շուրջ է բանակցում հայկական կողմը։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը։ Բայց այն հայտարարությունները, որոնք վերջին ժամանակահատվածում արվել են Երևանում, դրանց մեջ եղել են որոշակի իրարամերժ տարրեր։ Բայց եթե այդ հայտարարություններն իրարամերժ են հանրության համար, միգուցե, բանակցային սեղանի շուրջ այլ իրավիճակ է։ Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով գաղտնիությունն ու տեղեկատվության անհասանելիությունը, հույս ունեմ, որ այդ հակասական և իրարամերժ հայտարարությունները չեն հասնում բանակցային սեղանի շուրջ և միս ու արյուն չեն ստանում»։

Իսկ հարցին՝ կա՞ն արդյոք բանակցային գործընթացն այլ հուն ուղղելու հնարավորություններ, Ս. Սարգսյանը պատասխանեց, որ իր կարծիքով բանակցային գործընթացի հետ կապված ամեն ինչ հստակ է ու պարզ։

«Ընդհանրապես, կարծում եմ, որ Արցախյան խնդրի խաղաղ լուծումն ընդամենը մեկ սցենարի առկայության դեպքում է հնարավոր։ Այդ սցենարով կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից։

Հակառակ պարագայում խնդրի խաղաղ լուծում ես չեմ տեսնում։ Ու քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվելու Արցախից, ապա խնդրի խաղաղ լուծում, բնականաբար, չկա։

Իհարկե, բանակցությունները դրական են, այլընտրանք են պատերազմին, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ագրեսիվ հարևանի հետ գործ ունենք»,-եզրափակեց քաղաքագետը։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930