Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ կապված Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ընդունելության հետ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 6-ին Բոչարնիկովի հետ հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալիֆ Խալիֆովը: Ռուսաստանի դեսպանին նոտա են հղել՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ: Մայիլյանն ու Հովհաննիսյանը Մոսկվայում էին նոյեմբերի սկզբին:
Նոտայում նշվում է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական միավորման այսպես կոչված «ներկայացուցիչների» այցը Ռուսաստանի Դաշնություն և նրանց հանդիպումները մի շարք ռուս փորձագետների և ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում են մոտ 30 տարի շարունակվող Հայաստանի փորձերին՝ ամրապնդել ստատուս քվոն ադրբեջանական տարածքներում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքների օկուպացիայի շարունակությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ