Ս.թ. նոյեմբերի 6-ին Գյումրիում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ողջունելով հյուրերին՝ նա վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը կլինի արդյունավետ: Մ. Մելքումյանը կարևորեց այն, որ ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան տարեցտարի ընդլայնվում է, և այսօր արդեն ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի հետ:
Ընդգծվեց նաև ԵԱՏՄ անդամ երկրներում օրենսդրական ակտերի համապատասխանեցման հարցը, որոնք չպետք է հակասեն Միության տնտեսական խորհրդի կողմից ընդունված ակտերին: Անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ-ում առկա 71 խոչընդոտներին, որոնցից 55-ը սահմանվել է ՌԴ-ի կողմից:
Իր ելույթում Մ. Մելքումյանն անդրադարձավ ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման անհրաժեշտությանը: Կարևորելով այն մեր հանրապետության համար՝ Մ. Մելքումյանը միաժամանակ ընդգծեց, որ մինչև 2024թ. հայտարարված միասնական շուկայի ստեղծման ժամկետը մեզ չի կարող բավարարել: Հայաստանը զարգացած էներգետիկ ենթակառուցվածք ունի, և այժմ ՀՀ կառավարությունն աշխատում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ: Հանրապետության տնտեսության համար էական նշանակություն ունի նաև Մեծամորի ԱԷԿ-ի տեխնիկական վերազինման 270 մլն դոլար միջպետական վարկային գծի
ամբողջական ապահովման խնդիրը, որը պետք է կարգավորվի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ:
Կարևորվեց նաև ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժի օգտագործումը: Նշվեց, որ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Վերին Լարսում տեղի է ունեցել հանդիպում Պետդումայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կազբեկ Թայսաևի գլխավորությամբ: Կարևորելով բարձրացված խնդիրը՝ ռուսական կողմը տեղեկացրել է, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Վերին Լարս անցակետի տեխնիկական վերակառուցման համար 2020 թ. հատկացնել 1,9 միլիարդ ռուբլի:
Կարդացեք նաև
Մելքումյանը կարևորել է նաև եվրասիական ապրանքանիշ ստեղծելու հարցը, ինչը կապահովի աշխատանքի միջազգային արդյունավետ բաժանումը և ԵԱՏՄ անդամների միջև մասնագիտացման և համագործակցության համապատասխան մակարդակը: Խոսվեց նաև ՏՏ տեխնոլոգիաների արագ զարգացման մասին, որը, սակայն, չպետք է լինի տնտեսության այլ ճյուղերի հաշվին: Հստակ է, որ առանց համապատասխան թվային հարթակի անհնար է ապահովել Միության զարգացումը, և Մելքումյանը հույս հայտնեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այս առումով ԵԱՏՄ տարածքում կարող ենք ունենալ հիմնարար փոփոխություններ:
Իր զեկույցի վերջում Մելքումյանը Միջխորհրդարանական հանձնաժողովին առաջարկեց Ռուսաստանի Դաշնությունում հաջորդ հանդիպմանը հաշվի առնել ԵԱՏՄ-ում օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու հետ կապված բարձրացված բոլոր հարցերը, որպեսզի ապահովվի աշխատանքի հետևողականությունն ու արդյունավետությունը:
Միքայել Մելքոնյանի գրասենյակ