Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վաղուց էր դարձել քննադատության թիրախ

Նոյեմբեր 07,2019 09:00

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հանելու փորձերը նոր չեն: Եվ մասնավորապես՝ միջազգային զեկույցներում այս առարկայի ուսուցանումը բազմիցս արժանացել է քննադատության:

Ասենք՝ 2014-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Հանձնաժողովի` երեխայի իրավունքների մասին զեկույցում նշվում էր, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական պարտադիր ծրագրից պետք է հանել, քանի որ այդ առարկայի ուսումնասիրությունը ոտնահարում է երեխաների դավանանքի ազատությունը և հակասում է Սահմանադրությանը։

Այս առնչությամբ քննադատություն մշտապես պարունակվում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակվող «Կրոնական ազատությունների մասին» զեկույցներում: Մի քանի հատվածներ մեջբերենք 2016-ի զեկույցից:

«Իրավապաշտպան ակտիվիստները շարունակում էին մտահոգություն հայտնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից դպրոցներում տարածվող Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելը ազգային ինքնության հետ նույնացվող ուսմունքի տարածման հարցում պետության աջակցության կապակցությամբ: Ըստ փոքրամասնական կրոնական խմբերի և ՀԿ-ների՝ պետական հռետորաբանությունը, որով ազգային ինքնությունը նույնացվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելու հետ, շարունակել է լիցք հաղորդել խտրականությանը Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ»:

«Օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, և նշվում է, որ «կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Հայոց եկեղեցու պատմությունը ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11 դասարաններում: Հայաստանյայց առաքելական եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն նրանք հանդիսանում են պետական աշխատողներ: Բոլոր աշակերտները պարտավոր են մասնակցել այս դասերին. առարկայից հրաժարվելու հնարավորություն սահմանված չէ: Օրենքը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն իրավունք է շնորհում կազմակերպել կրոնական ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամներին կրոնական ուսուցում տրամադրել իրենց պատկանող հաստատություններում, սակայն ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում»:

«Տեղական «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի մարտին հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցի համաձայն հանրակրթական համակարգի առարկայական պլանը խթանում էր հայկական էթնիկ ինքնության նույնացումը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ, օրինակ՝ Հայոց եկեղեցու պատմության 10-րդ դասարանի դասագրքում նշված էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հավատքը դարձրել է ազգային ինքնության կարևորագույն բնութագրիչներից մեկը: Ըստ ՀԿ-ի՝ մյուս առարկաների՝ հայոց լեզվի, պատմության և գրականության ծրագրերում ևս ներառված են այնպիսի տարրեր, որոնցով ազգային ինքնությունը նույնացվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելու հետ: Ըստ զեկույցի՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված կային նաև այլ խնդիրներ, այդ թվում ատելությունը Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, դասերի ժամանակ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծեսերի կատարումը և այլ առարկա ընտրելու հնարավորության բացակայությունը»:

«Եզդիական համայնքի ներկայացուցիչները շարունակել են իրենց դժգոհությունը հայտնել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ, որը նրանք համարում են կրոնական դաստիարակություն: Նման մտահոգություններ հրապարակավ հնչեցնել են ՀԿ-ները, կրոնական կազմակերպությունները, աթեիստները, Հայաստանյայց առաքելական եկեղեցու ոչ-հավատացյալ անդամները: Եղել են հաղորդումներ, որ առարկան դասավանդվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների կողմից և դասերի շրջանակում կազմակերպվել են այցելություններ դեպի եկեղեցի՝ առանց այլ հավատքներ քննարկելու կամ աշակերտների կողմից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կառույց չհանդիսացող կրոնական վայրեր այցելելու հնարավորությունների: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորականներն այցելել են նաև պետական ֆինանսավորմամբ գործող մանկապարտեզներ, այդ թվում եկեղեցական տոների ընթացքում, ինչպես նաև եղել են մանկապարտեզի սաների այցելություններ եկեղեցի»:

«Կրթության ոլորտում Հայաստանյայց առաքելական եկեղեցու ունեցած դերի վերաբերյալ հնչած հրապարակային քննադատությունից ու միջազգային հնչեղություն ստանալուց հետո եղան հաղորդումներ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հրահանգել է Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներին առավել հարգալից լինել աշակերտների կրոնական հայացքների հանդեպ: Դիտորդները փաստում էին, որ ուսուցիչները կարծես հետևում էին այս հրահանգներին և այլ կրոնների մասին ավելի քիչ էին բացասաբար արտահայտվում, սակայն Հայոց եկեղեցու պատմության դասերին աղոթելու պրակտիկան պահպանվում էր: Փոքրամասնական կրոնական խմբերի գերակշիռ մասը չեն ունեցել բողոքներ կապված Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների կողմից աշակերտների հանդեպ խտրականության դրսևորելու վերաբերյալ: Որոշ խմբեր նշում էին սակավաթիվ դեպքեր, երբ ուսուցիչը բացասաբար էր արտահայտվել աշակերտի կրոնական հայացքների վերաբերյալ: Նման դեպքերում, ըստ այդ խմբերի հաղորդումների, ծնողները սովորաբար կարողացել են կարգավորել խնդիրը՝ խոսելով ուսուցչի կամ դպրոցի տնօրենի հետ: Ըստ այդ խմբերի, նման դեպքերի հավանականությունն ավելի մեծ է գյուղական բնակավայրերում, քան Երևանում:

Medialab.am-ում փետրվարի 1-ին զետեղված հոդվածում կրոնական հարցերով կրթական փորձագետը նշում էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմության պարտադիր դասավանդումը հակասում է կրոնի ազատությանը և ստիպում է, որ աշակերտներն ու ծնողները թաքցնեն իրենց կրոնական հայացքները՝ խուսափելու ծաղրից: Ըստ կայքի հաղորդման՝ դրան ի պատասխան այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը արձագանքել էր, որ այդ առարկայի դասավանդման հիմքում սահմանադրության այն դրույթն է, որով Հայաստանյայց առաքելական եկեղեցին ճանաչվում է ազգային եկեղեցի ու ազգային ինքնության պահապան: Փետրվարի 19-ին «Իրատես» օրաթերթին այս պարտադիր դասընթացի վերաբերյալ հարցազրույց տալով կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ հայրենասիրությունը «հայրենիքին բնորոշ առանձնահատկությունները պահպանելն ու հատկապես` պաշտպանելն է», որն, ըստ նրա, որպես հայրենիքի՝ «մեր ազգի էության» մաս ներառում է Հայաստանյայց առաքելական հավատքը»:

«Ըստ տարբեր կրոնական խմբերի ու ՀԿ-ների, որոնք հանդես են գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից, կառավարության հռետորաբանությունը, որով Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ լինելը նույնացվում է ազգային ինքնության հետ, շարունակել է նպաստել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մնացած կրոնական կազմակերպությունների հանդեպ խտրականությանը»:

Հիշեցնենք, որ 2007թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ 8-րդ հոդվածում ամրագրվել է․ «3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա»:

Պատրաստեց Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930