Նոր գրքի շնորհանդես «Քվանտ» վարժարանում: Դասը վարում է ՎԱՍ-ը:
Որպես նախաբան ասենք, որ «Ստեղծարար մտածողություն» գիրքը ՎԱՍ-ի, նույն ինքը՝ դասագրքաստեղծ Վաչագան Ա. Սարգսյանի այս տարվա հրատարակած գրքերից չորրորդն է (հինգերորդը շուտով լույս կտեսնի):
Շնորհանդեսը յուրատիպ էր, ոչ կարծրատիպային: Հեղինակն ինքն էր վարում դասը, ցուցադրում, վերլուծում, լիարժեք պատասխանում հուզող հարցերին: Շնորհանդեսին մասնակցում էին գրողներ, արվեստագետներ, տարբեր դպրոցների ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, «Քվանտ» վարժարանի գիտական խորհրդի անդամներ:
Շնորհանդեսը անցկացվեց որպես դաս: Դասն այնքան հետաքրքիր եւ բովանդակալից էր, որ գրքի կարեւորության մասին հարկ համարեցինք անդրադառնալ նաեւ հարցազրույցի տեսքով:
– Հարգարժան պարոն ՎԱՍ, նախ գրքի լույս ընծայման համար ընդունեք շնորհավորանքներս. այն կարեւոր ներդրում է մեր կրթության համակարգում, նորարարական է, ողջունելի: Փաստորեն գիրքը ՎԱՍ-ական հիմունքներ են ստեղծարար մտածողության մասին, որոնք շաղախված են գիտության, կրթության, արվեստի, երաժշտության, հումորի, սրամտության, տրամաբանության… հետ: Ընթերցողի համար հետաքրքիր կլինի «Ստեղծարար մտածողության» ստեղծման նախապատմությունը:
– Նախքան գրքին անդրադառնալը մի քանի խոսք ստեղծարար մտածողության մասին:
Հարափոփոխ այս օրերում անհատ ստեղծագործական ունակությունների զարգացումը, նրա հնարավորությունների բացահայտումն ու ցայտուն դարձնելը էական են կյանքի բոլոր ոլորտներում, նրա գործունեության բոլոր բնագավառներում: Բնականաբար, առաջին պլան են մղվում մարդու ունակությունները՝ նրա պատրաստակամությունը նոր փորձերին ու փորձություններին, ոչ ստանդարտ իրավիճակներում յուրօրինակ լուծումներ գտնելուն, իրողությունների նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսեւորմանը, առարկային, երեւույթին տարբեր կողմերից նայելու ունակությանը:
Մարդու մեջ զարգացնել ստեղծարար մտածողություն, նշանակում է նրան օժտել ստեղծագործելու որոշակի մեթոդիկայով, նրա մեջ ձեւավորել ու զարգացնել երեւույթները նորովի, անսովոր տեսանկյունից ներկայացնելու տեխնիկա, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու, բազմազան հնարքներ բանեցնելու կարողություններ:
Այժմ մի քանի խոսք այն մասին, թե ինչպես ծնվեց գիրքը գրելու գաղափարը:
Հայտնի բան է, որ այսօր աշխարհում (կրեատիվ), այսինքն ստեղծարար, ստեղծական մտածողությանը մեծ դեր է տրվում: Եթե նախկինում շեշտը դրվում էր գիտելիքի վրա, ապա այսօր ավելի ու ավելի է ընդգծվում այն փաստը, որ կարեւորը ոչ թե երեխային գիտելիքի շտեմարանի վերածելն է, այլ նրա մեջ գիտելիք քաղելու ունակություններ ձեւավորելն ու զարգացնելն է, սովորել-սովորեցնելը, մտածել սովորեցնելը:
Ստեղծարար մտածողության ձեւավորման ու զարգացման հարցն ինձ շատ վաղուց է հետաքրքրել: Այդ հարցը արտահայտվել է, մարմնավորում է ստացել իմ բազմաթիվ գրքերում, գիտահանրամատչելի գրականության մեջ, խաղագրքերում, արդեն 25 տարի լույս տեսնող «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում, «9-րդ հրաշալիք» հեռուստախաղում, եւ արդեն որոշակի սկզբունքներով՝ իմ 12 դասագրքերում (հատուկ շնորհակալություն «9-րդ հրաշալիքցիներ Հրանտ Վարդանյանին եւ Արտաշես Թադեւոսյանին): Սակայն ցանկություն կար այս ամենը համակարգել, կոնկրետացնել խնդիրները, փորձարկել դպրոցում: Դա իրականացվեց «Քվանտի» շնորհիվ, «Քվանտի» միջոցով, «Քվանտում»: Ստեղծարար մտածողություն առարկան արդեն երրորդ տարին է՝ դասավանդում եմ: Լավ կլինի, որ այդ փորձը տարածվի մյուս դպրոցներում եւս: Գիրքը ստեղծելու նպատակներից ամենակարեւորը հենց դա էր: Ստեղծել մի այնպիսի ինքնաբավ գիրք, որ բավարար փորձառություն ունեցող եւ հմուտ ուսուցիչները կարողանան դասավանդել:
– Հաճախ ենք լսում, որ անհրաժեշտ է երեխաների մեջ զարգացնել տրամաբանական մտածողություն: Մի՞թե ՏՄ-ն ու ՍՄ-ն հակընդդեմ են:
– ՏՄ-ն եւ ՍՄ-ն իրար թե՛ մրցակից են, թե՛ ուղեկից: Չպետք է դրանք հակադրել, այլ պետք է համադրել: ՏՄ-ն հրաշալի հիմք է ստեղծարար մտածողության համար:
– Իսկ ինչպե՞ս տարբերել ստեղծագործականը ստեղծարարից:
– Հայտնի բան է, որ ստեղծագործող մարդու համար բնութագրական են ինտուիցիան ու ներշնչանքը: Ստեղծագործելը որեւէ կաղապարի մեջ չի տեղավորվում, այն տարերային է եւ պայմանավորված է ինչ-որ չափով անբացատրելի հանգամանքներով:
Ստեղծարար մտածողությունը զարգացնել՝ նշանակում է մարդուն օժտել ստեղծագործելու որոշակի մեթոդիկայով, նրա մեջ ձեւավորել ու զարգացնել երեւույթները նորովի, անսովոր տեսանկյունից ներկայացնելու տեխնիկա:
– Իսկ ինչո՞ւ գիրք միայն ուսուցչի համար: Կներկայացնե՞ք գրքի գլուխներից մի քանի նմուշ:
– Գիրքը ուսուցչի համար է՝ ներառում է թե՛ դասանյութը, թե՛ ներկայացման ձեւը, մեթոդիկան: Ինքնաբավ է: Ինչպես նշեցի, նպատակն այն է, որ բոլոր ուսուցիչները կարողանան դասավանդել: Գրքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի ասվում՝ պետք է այսպես անել, եթե ասում է՝ պետք է, ուրեմն ցույց է տալիս, թե ինչպես եւ ինչ գործիքներով ու նյութերով: Սա շատ կարեւոր է: Ասեմ, որ այս գրքի հիման վրա մտադիր եմ գրելու երկու դասագիրք՝ 3-րդ եւ 4-րդ դասարանցիների համար: Գրքում զետեղված զրույց-հանելուկները նպաստում են երեխաների ուշադիր լսելու կարողության զարգացմանը, էական երեւույթները մտապահելուն եւ գրանցելուն՝ գրառում կատարելով կամ մտապահելով՝ ոչ ստանդարտ իրավիճակներում հայտնված հերոսների հետ անսովոր ելքեր փնտրելու կարողությունների ձեւավորմանը, տրամաբանական ստեղծագործական մտածողության համադրմանը, յուրաքանչյուր անելանելի իրադրությունից յուրօրինակ ելք գտնելը: Ծանոթանում են աշխարհի դիցաբանության նմուշներին, սիրում են հեքիաթներ, տեսնում են, որ աշխարհում մի այլ աշխարհ էլ կա:
Զվարթ տրամաբանության բաժնի նպատակը զվարթացնելն է, սրամիտ դատողություններ անելու հնարավորության ընձեռումը, հնարամտության, սրամտության, յուրօրինակ մտածողության ի հայտ բերելը:
Զգալի տեղ է հատկացված հանելուկներին, նկարելուկներին: Ներկայացվում են զանազան խաղեր՝ առարկաների իրական հատկանիշները նկարագրելու վերաբերյալ…… Օգտագործված են եգիպտական, հունական, հայկական… հեքիաթներում, առասպելներում, առակներում տեղ գտած հանելուկները:
Նման հանելուկների լուծումը եւ հորինումը նպաստում է, որ երեխաները կարողանան երեւույթին այլ կերպ նայեն, առարկայի էական հատկանիշները քողարկեն գեղարվեստական պատկերներով, միաժամանակ տալով համապատասխան հուշումներ:
Մեկ առանձին գլուխ է նվիրված զանազան օրինաչափություններին, ծածկագրերին: Դրանք լուծելու համար նախքան տրամաբանական մտածողությանը դիմելը, պետք է ստեղծարար մտածողությամբ բացել:
Բազմաթիվ են հետաքրքրաշարժ, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող խնդիրները, որոնց լուծումները նպաստում են ՍՄ-ի ձեւավորմանն ու զարգացմանը:
– Դարձվածները, առածները ՍՄ-ում ի՞նչ դեր ունեն:
– Ստեղծարար մտածողության զարգացմանը նպաստում են ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշներ՝ առածներ, դարձվածներ, խնդուկներ, հանելուկներ, նկարելուկներ, հեքիաթներ եւ այլն: Պարզապես անհրաժեշտ է դրանք կիրառելու հմտություն:
Դասը վարեց ՎԱՍ-ը, հարցազրույցը՝ ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻՆ
Հ. Գ. Հարգելի ՎԱՍ, շնորհավորում եմ, գնահատում «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի քառորդ դարը, միանում ողջույններին ու բարեմաղթանքներին: 25 տարի է, ինչ Ձեր՝ հրաշալիքցիներիդ ջանքերով բարության սերմեր եք ցանում, ազգանվեր սերունդներ դաստիարակում, լույս սփռում մարդկանց հոգիներում:
«Առավոտ» օրաթերթ
06.11.2019