Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ քայլից» մինչեւ հանրապետական մրցույթ

Նոյեմբեր 07,2019 13:00

Հարցազրույց դաշնակահար, «Արտպրոգրես» կրթամշակութային հ/կ նախագահ Արտյոմ Հարությունյանի հետ

– Դուք այն եզակի արվեստագետներից եք, որ մի կողմ է դրել երաժշտի կարիերան ու գործունեություն է սկսել  մարզային կրթամշակութային ոլորտում: Գարնանը Արմավիրի մարզում անցկացրիք «Փոքրիկ քայլ» միջմարզային երաժիշտ կատարողների մանկապատանեկան առաջին մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի երաժշտական ու արվեստի դպրոցների շուրջ 360 սան: Միջոցառման ավարտից հետո հավաստիացրիք, որ ցանկություն ունեք ընդլայնել «Փոքրիկ քայլի» շրջանակը՝ անցկացնելով մրցույթ-փառատոնը հանրապետության մասշտաբով:

– Սկսվել ու շարունակվում են  բանակցությունները Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, նպատակը նրանց ներգրավումն է կայանալիք երկրորդ հանրապետական մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում:

– Մեր մարզերում առատ չեն մրցույթ-փառատոները, պատճառը ֆինանսի բացակայությո՞ւնն է:

– Թեեւ երկրորդ մրցույթ-փառատոնի անցկացման առիթով աջակցության խնդրանքով որոշել եմ դիմել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, բայց մարզային երաժշտական դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ընթացքում  ոմանց հետ բախվեցի հետեւյալ խնդրին. մեկ-երկու տնօրեններ կարծում են, որ հանրապետության մասշտաբով անցկացվող այս ձեւաչափով միջոցառումները, որտեղ ներգրավված կլինեն Երեւանի երաժշտական դպրոցի սաները, կստվերեն մարզային իրենց հասակակիցներին: Անցկացված առաջին միջոցառման ժյուրիի անդամները համամիտ չեն նման տեսակետի հետ: Նրանք էլ հավաստիացնում են, որ տաղանդավոր երեխան տաղանդավոր է՝ անկախ ծննդավայրից: Ի վերջո, մարզերում դասավանդում են հիանալի բարձրակարգ մասնագետներ: Ես կիսում եմ ժյուրիի նախագահների կարծիքը: Մյուս կողմից՝ երեւանյան երաժշտական դպրոցների սաների մասնակցությունը կխթանի մարզերում սովորող երեխաների մրցելույթների պատրաստվածությունը:

Հինգ վարպետ փոքրիկները՝ Սպենդիարյանի տուն-թանգարանում:

– Առաջին մրցույթ-փառատոնում աչքի ընկած փոքրիկ երաժիշտների հետագա ուղով հետաքրքրվո՞ւմ եք:

– Ոչ միայն հետեւում եմ, այլ նրանք նաեւ ներգրավվում են տարբեր նախագծերում, օրինակ՝ օրերս Սպենդիարյանի տուն-թանգարանում իրենց նախաձեռնությամբ  կայացած «Վարպետ փոքրիկներ» ծրագրին մասնակցեցին «Փոքրիկ քայլի» ցածր տարիքային խմբի 5 մրցանակակիրները: Վերջերս էլ «Օտար լեզուներ-Մակսեդան» դպրոցի (տնօրեն՝ Անուշ Սեդրակյան) հետ «Արտպրոգրեսը» ներկայացավ համատեղ համերգային ծրագրով: Այստեղ հասարակական կազմակերպության անդամ պրոֆեսիոնալ երաժիշտները ներկայացան դասական ստեղծագործություններով, իսկ մակսեդանցիները՝ էլեկտրոնային երաժշտությամբ:  Ընդ որում, դասական գործերից բացի, ներկայացրին իրենց հեղինակած երկերը:

Ցանկություն կա յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, երբ անվճար է մուտքը թանգարաններ, կազմակերպել մարզերի երեխաների այցելություններ: Արդեն կոնկրետ առաջին փառատոն-մրցույթի մրցանակակիրներին ու մասնակիցներին հայտնել եմ այս մասին, նշել, որ այցելելու ենք  Խաչատրյանի տուն-թանգարան:  Համոզված եմ, որ մեր կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը չի մերժի առաջարկս, այն է՝ ամիսը մեկ անգամ  երեխաները հնարավորություն ունենան որպես ազատ ունկնդիր ներկա լինել բուհի մասնագիտական առարկաների դասաժամերին:

– Շշուկներ կան, որ «Փոքրիկ քայլ» խորագիրը կրող մրցույթ-փառատոնը  պարունակում է քաղաքական ենթատեքստ …

– Ինձ էլ են հասել նման խոսակցություններ, այնինչ «փոքրիկ քայլը» վերցված է Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանից», որն իր աղոթքում խնդրում է Աստծուն իրեն սովորեցնել «փոքրիկ քայլերի» արվեստը:

– Ձեզ հետ նախորդ հանդիպման ժամանակ շրջանցեցիք հարցը՝ ձեր պրոֆեսորը՝ Մարինե Օհանյանը, մեզ հավաստիացնում էր, որ փայլուն դաշնակահարը խոստացել է հասարակական գործունեությունը  աշնան սկզբից զուգահեռել մարզային ելույթներով՝ մենահամերգի ձեւաչափով…

– Այս թեման անպակաս է իմ ու պրոֆեսորիս հետ հանդիպումներում, մշտապես շոշափվում է: Արդեն ծրագրել եմ 2020-ին մենահամերգներով հանդես գալ ոչ թե մեկ-երկու, այլ բոլոր մարզերում: Իսկ ինչու այն չիրականացրի աշնանը, որովհետեւ անցկացրել եմ բարեգործական մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ երեկոներ, նվիրված արվեստի մեր մեծերին: Առանձնացնեմ ընդամենը մեկ երեկո, որի ընթացքում կազմակերպությանս  անդամ պրոֆեսիոնալ երաժիշտները ընդարձակ ծրագրով հանդես եկան Էջմիածնի «Մեր տունը» բարեգործական կազմակերպության սաների համար:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930