Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաշառք՝ քիմիաթերապիայի 8 կուրսերի դիմաց

Նոյեմբեր 07,2019 13:30

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա հարուցված այս քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել ուշագրավ այլ տվյալներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին  հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա 2019թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի  Տարոնի բաժնում հարուցվել է քրեական  գործ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով՝ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու համար:

2019թ. սեպտեմբերի  25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Բ. Կ.-ն, հայտնելով, որ 2018 թվականի ամռանն իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել եւ այդ ժամանակվանից սկսել է բուժվել «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ-քիմիաթերապեւտ, ուռուցքաբան Ն. Ք.-ի անմիջական հսկողությամբ։ Մինչ օրս անցել է բուժման 8 կուրս, 2018թ. դեկտեմբերին՝ նաեւ վիրահատվել է։ Բժշկուհի Ն. Ք.-ը նրան նշանակել է դեղեր եւ դրանք գնելու համար ուղղորդել Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի տարածքում գտնվող իր ամուսնու դեղատուն։ Բուժման 8 կուրսի համար Բ. Կ.-ը Ն. Ք.-ի ամուսնու դեղատնից գնել է 8 հատ «Ավաստին» դեղատեսակ՝ յուրաքանչյուրը՝ 800 դոլարով:

Նախաքննության փուլում հայտնի էր դարձել, որ 2018թ. ամռանից մինչեւ 2019թ. գարուն ընկած ժամանակահատվածում  «Վանաձոր» ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքի կաբինետային բուժքույր Ա. Ք.-ը Բ. Կ.-ին առաջարկել է քիմիաթերապիայի 8 կուրսերի դիմաց Ն. Ք.-ին տալ կաշառք: Բ. Կ.-ը համաձայնել է եւ անձամբ Ն. Ք.-ին իր աշխատասենյակում 8 անգամ տվել է 15.000-ական  դրամ գումար՝ յուրաքանչյուր կուրսի դիմաց:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»), 200-րդ հոդվածի 1-ին («Առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, արբիտրին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար») եւ 3-րդ  մասերով («Առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար»):

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի համաձայն՝ ՀՀ-ում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել եւ կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են ՀՀ-ում։  Օրենքը հստակ սահմանում է նաեւ, որ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային եւ (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այղ թվում՝ գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընղհանուր բնութագիրը), օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը) եւ որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները)։ Նույն օրենքի 23-րդ հողվածն էլ սահմանում է, որ արգելվում է ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված դեղերի իրացումը։

Նշյալ բուժհաստատության աշխատակիցների գործով, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել էր, որ այս պարագայում «ՀՀ-ում չգրանցված, անհայտ ծագման դեղի շրջանառությամբ զբաղվողն ու այն առողջական խնդիրներ ունեցող  անձանց նշանակողը ոչ թե պատահական մեկն է, այլ մարդ, ով  ստանձնել է  պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, տվյալ դեպքում՝ բժշկուհի Ն. Ք.-ն:  Ստացվում է, որ նա իր մասնագիտությունն ու կոչումն ակնհայտորեն ծառայեցրել է բացառապես իր ընտանիքի բիզնես շահերի ապահովմանն՝ իրականացնելով իր մասնագիտությանը հակասող, քրեորեն հետապնդելի, հակաօրինական արարք»։

Իրավապաշտպան գրասենյակի տեղեկացմամբ. «Բուժման ողջ ընթացքում, վերոնշյալ դեղի վրա ծախսելով բավական պատկառելի՝ ընդհանուր առմամբ 6400 դոլար գումար եւ չնկատելով դրական փոփոխություն իր առողջական վիճակում, 72-ամյա թոշակառուն բժշկուհի Ն. Ք.-ից հետաքրքրվում է իր նշանակած դեղերի որակով ու արդյունավետությամբ։ Նա  բժշկուհուն հայտնում է, որ տեղեկություն ունի, որ իր ամուսնու դեղատնից ամիսներ շարունակ ձեռք բերված «Ավաստին»-ը   ՀՀ-ում հավաստագրված չէ, հաստատված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից եւ փաստացի գտնվում է անօրինական շրջանառության մեջ»: Ի դեպ, բժշկուհի Ն. Ք.-ն չի հերքել այդ տեղեկությունը: Բ. Կ.-ն ձայնագրել էր իր եւ բժշկուհու խոսակցությունը։

«Ձայնագրությունից պարզ է դառնում, որ բժշկուհի Ն. Ք.-ը քաղաքացուն պարզաբանում է, որ դեղը չունի գրանցման հավաստագիր, որովհետեւ հարկային դաշտ մտնելու  պարագայում քաղաքացիները,  այդ թվում եւ` ինքը,  ստիպված էին լինելու այն ձեռք բերել շատ ավելի թանկ գնով։ Ինչ մնում է դեղի որակին եւ արդյունավետությանը, Ք.-ն Կ.-ին փորձում է հանգստացնել՝ որպես երաշխիք մատնացույց անելով իր մասնագիտական երկարատեւ փորձն ու հեղինակությունը, վստահեցնելով, որ  բազմաթիվ  այցելուների է նշանակել նշյալ դեղատեսակը, եւ այն դեռեւս  չի հանգեցրել մահվան ելքով որեւէ դեպքի։ Քաղաքացի  Բ. Կ.-ի հարցադրմանը, թե ինչու մինչեւ բուժումը, դեղերի արժեքից բացի, բժշկուհին իրեն չի մանրամասնել դրանց  արղյունավետությունը, որպեսզի ինքն ունենար ընտրության հնարավորություն՝  ցանկանո՞ւմ է բուժվել  չհավաստագրված թանկարժեք դեղորայքով, թե՞ ոչ, բժշկուհի Ք.-ը պատասխանել է, որ որպես բժիշկ, իր պարտքն է համարել կազմակերպելու Բ. Կ.-ի բուժումը: Բուժման ռիսկերի մասին տեղեկացնելու պարագայում չէր բացառվում, որ նա հրաժարվեր բուժումից»,-տեղեկացրել էր Վանաձորի հելսինկյան գրասենյակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930